Առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ առողջապահության ոլորտում Ձեր իրավունքների մասին:
Մենք տրամադրում ենք օգտակար տեղեկություններ բժիշկների, պաշտոնյաների, իրավաբանների, հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են առողջապահական իրավունքով եւ բիոէթիկայով:
Մենք ընտանիքով արդեն 24 տարի ապրում ենք հոգեկան հիվանդի տատիի հետ: Ես չգիտեմ, թե ինչպես բնութագրեմ իր այդ նոպաները, մեզ վրա հարձակվելը, անընդհատ հայհոյելը, մեզ ամեն կերպ խանգարելը, վարկաբեկելը ամեն ձև: Գիշերները խոսում է բարձրաձայն` միշտ մեզ բոլորիս հայհոյելով: Այս ամենը ահավոր է հավատացեք, մենք ընտանիքով կարիք ունենք նման օգնության:
Շնորհակալություն ուշադրության համար:
Ռուզան
Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն
Պատասխանում է Վիոլետա Զոփունյանը
Հարգելի Ռուզան,
Հասկանալով Ձեր բարոյահոգեբանական վիճակը, այդուհանդերձ, փորձենք ներկայացնել բերված խնդրի լուծման իրավական տարբերակը:
Ձեր ներկայացրած իրավիճակից կարելի ենթադրել, որ տատիկն իր համաձայնությունը չի տա համապատասխան բժշկական հաստատությունում բուժվել: Եվ քանի որ վերջինս իր հարձակումներով, վարկաբեկելով և այլ արարքներով վտանգ է ներկայացնում Ձեր ընտանիքին և առհասարակ հասարակությանը, ապա տվյալ պարագայում անհրաժեշտ է, որպեսզի Դուք ինքներդ դիմեք հոգեբուժական հաստատություն` տատիկին հոսպիտալացնելու խնդրով:
«Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` հոգեկան խանգարումով տառապող անձի բուժումը կատարվում է նրա կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա, բացառությամբ ոչ հոժարակամ (հարկադիր) հոսպիտալացման դեպքերի:
Իսկ ինչ վերաբերում է ոչ հոժարակամ հոսպիտալացմանը, ապա միևնույն օրենքի հոդված 22-ի համաձայն` հոգեկան խանգարումներով տառապող անձն առանց իր կամ օրինական ներկայացուցչի համաձայնության կարող է հոսպիտալացվել հոգեբուժական հանձնաժողովի կողմից պարտադիր հետազոտվելուց հետո, եթե`
1) նա վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար, կամ
2) բուժում չիրականացնելը կամ բուժումը դադարեցնելը կարող է վատթարացնել հիվանդի առողջական վիճակը: