Առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ առողջապահության ոլորտում Ձեր իրավունքների մասին:
Մենք տրամադրում ենք օգտակար տեղեկություններ բժիշկների, պաշտոնյաների, իրավաբանների, հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են առողջապահական իրավունքով եւ բիոէթիկայով:
ՀՀ միջազգային պայմանագիրը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի մասին վերահսկողության համակարգը փոփոխող եւ լրացնող թիվ 14 արձանագրություն: Ընդունվել է՝ 13.05.2004, Ստրասբուրգում, վավերացվել՝ 17.05.2010: Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2010թ. հունիսի 1-ին:
Նախաբան
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները՝ 1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) սույն Արձանագրության ստորագրողները,
հաշվի առնելով 2000 թվականի նոյեմբերի 3-4-ը Հռոմում կայացած` Մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպական նախարարական կոնֆերանսի ընթացքում ընդունված թիվ 1 բանաձևը և Հռչակագիրը,
հաշվի առնելով Նախարարների կոմիտեի 2001 թվականի նոյեմբերի 8-ի, 2002 թվականի նոյեմբերի 7-ի և 2003 թվականի մայիսի 15-ի Հռչակագրերը՝ ընդունված, համապատասխանաբար, 109-րդ, 111-րդ և 112-րդ նստաշրջանների ընթացքում,
հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2004 թվականի ապրիլի 28-ի թիվ 251(2004) կարծիքը,
նկատի ունենալով, որ անհրաժեշտ և հրատապ է փոփոխել Կոնվենցիայի որոշ դրույթներ՝ երկարաժամկետ կտրվածքով վերահսկողության համակարգի արդյունավետությունը պահպանելու և ամրապնդելու նպատակով, գլխավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի աշխատանքի ծանրաբեռնվածության շարունակվող աճի պատճառով,
նկատի ունենալով, մասնավորապես, որ անհրաժեշտ է հետևել, որ Դատարանը շարունակի խաղալ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության իր առաջատար դերը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Կոնվենցիայի 22-րդ հոդվածի 2-րդ կետը հանվում է:
Հոդված 2
Կոնվենցիայի 23-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.
«Հոդված 23. Պաշտոնավարության ժամկետը և պաշտոնից հեռացնելը
1. Դատավորները ընտրվում են ինը տարի ժամկետով: Նրանք չեն կարող վերընտրվել:
2. Դատավորների պաշտոնավարության ժամկետն ավարտվում է, երբ լրանում է նրանց 70 տարին:
3. Դատավորները պաշտոնավարում են մինչև փոխարինվելը։ Նրանք, սակայն, շարունակում են քննել իրենց կողմից արդեն քննության առնված գործերը։
4. Դատավորը պաշտոնից կարող է հեռացվել միայն այն դեպքում, եթե մյուս դատավորները քվեների երկու երրորդի մեծամասնությամբ որոշում են ընդունում այն մասին, որ այդ դատավորը այլևս չի համապատասխանում ներկայացվող պահանջներին։»:
Հոդված 3
Կոնվենցիայի 24-րդ հոդվածը հանվում է:
Հոդված 4
Կոնվենցիայի 25-րդ հոդվածը դառնում է 24-րդ հոդված, և նրա բովանդակությունը փոփոխվում է հետևյալ կերպ.
«Հոդված 24. Գրասենյակը և զեկուցողները
1. Դատարանն ունի Գրասենյակ, որի գործառույթներն ու կազմակերպումը սահմանվում են Դատարանի ընթացակարգի կանոններով։
2. Երբ դատարանը նիստեր է գումարում միանձնյա դատավորի կազմով, նրան աջակցում են զեկուցողները, որոնք գործում են Դատարանի նախագահի ենթակայության ներքո: Զեկուցողները Դատարանի Գրասենյակի անձնակազմի մաս են կազմում:»:
Հոդված 5
Կոնվենցիայի 26-րդ հոդվածը դառնում է 25-րդ հոդված (Դատարանի լիագումար նիստերը), և նրա բովանդակությունը փոփոխվում է հետևյալ կերպ.
1. «դ» կետի վերջում ստորակետը փոխարինվում է կետ-ստորակետով ու «և» բառը հանվում է1:
2. «ե» կետի վերջում վերջակետը փոխարինվում է ստորակետով:
3. Լրացվում է հետևյալ բովանդակությամբ «զ» կետով.
«զ. կատարում է ցանկացած խնդրանք` 26-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:»:
Հոդված 6
Կոնվենցիայի 27-րդ հոդվածը դառնում է 26-րդ հոդված, և նրա բովանդակությունը փոփոխվում է հետևյալ կերպ.
«Հոդված 26. Միանձնյա դատավորի կազմեր, Կոմիտեներ, Պալատներ և Մեծ Պալատ
1. Իրեն ներկայացված գործերը քննելու համար Դատարանը նիստեր է գումարում միանձնյա դատավորի կազմով, երեք դատավորներից կազմված կոմիտեներում, յոթ դատավորներից կազմված Պալատներում և տասնյոթ դատավորներից կազմված Մեծ Պալատում: Պալատները կազմում են որոշակի ժամկետով կոմիտեներ:
2. Նախարարների կոմիտեն կարող է, Դատարանի լիագումար նիստի խնդրանքով, միաձայն որոշմամբ և որոշակի ժամկետով Պալատների դատավորների թիվը կրճատել մինչև հինգի:
3. Որպես միանձնյա դատավոր նիստ գումարող դատավորը չի քննում ոչ մի գանգատ, որը վերաբերում է այն Բարձր պայմանավորվող կողմին, որից նա ընտրվել է:
4. Շահագրգիռ Բարձր պայմանավորվող կողմից ընտրված դատավորը Պալատի և Մեծ պալատի ex officio անդամ է: Այդ դատավորի բացակայության դեպքում, կամ երբ նա ի վիճակի չէ մասնակցելու նիստին, այդ պետության կողմից նախօրոք ներկայացված ցանկից Դատարանի նախագահի կողմից ընտրված անձը մասնակցում է որպես դատավոր:»:
5. Մեծ պալատի կազմի մեջ մտնում են նաև Դատարանի նախագահը, Դատարանի նախագահի տեղակալները, Պալատների նախագահները և Դատարանի այլ դատավորները, որոնք ընտրվում են Դատարանի ընթացակարգի կանոններին համապատասխան։ Երբ գործը, 43-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, հանձնվում է Մեծ պալատ, որևէ դատավոր, որն ընդգրկված է եղել որոշում կայացրած Պալատում, չի կարող մասնակցել Մեծ պալատի նիստերին` բացառությամբ վերոնշյալ Պալատի նախագահի և շահագրգիռ Բարձր պայմանավորվող կողմի դատավորի:»:
Հոդված 7
Նոր 26-րդ հոդվածից հետո Կոնվենցիայում հետևյալ բովանդակությամբ նոր 27-րդ հոդված է ավելացվում.
«Հոդված 27. Միանձնյա դատավորների լիազորությունները
1. Միանձնյա դատավորը կարող է 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված անհատական գանգատն անընդունելի հայտարարել կամ հանել քննության ենթակա գործերի ցուցակից, եթե նման որոշում կարող է ընդունվել առանց գանգատի լրացուցիչ ուսումնասիրման:
2. Որոշումը վերջնական է:
3. Եթե դատավորը դիմումն անընդունելի չի հայտարարում կամ այն չի հանում քննության ենթակա գործերի ցուցակից, ապա նա այն փոխանցում է Կոմիտեին կամ Պալատին՝ լրացուցիչ քննարկման համար:»:
Հոդված 8
Կոնվենցիայի 28-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.
«Կոմիտեների լիազորությունները
1. Կոմիտեն միաձայն քվեարկությամբ կարող է 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված անհատական գանգատը՝
ա. հայտարարել անընդունելի կամ այն հանել քննության ենթակա գործերի ցուցակից, եթե նման որոշում կարող է ընդունվել առանց գանգատի լրացուցիչ ուսումնասիրման, կամ
բ. հայտարարել ընդունելի և միաժամանակ ըստ էության վճիռ կայացնել, երբ Կոնվենցիայի և նրա Արձանագրությունների մեկնաբանման և կիրառման հետ կապված հարցի վերաբերյալ, որը գործի հիմքում է, գոյություն ունի Դատարանի` կայացած դատական նախադեպ:
2. 1-ին կետում նախատեսված որոշումները և վճիռները վերջնական են:
3. Եթե շահագրգիռ Բարձր պայմանավորվող կողմից ընտրված դատավորը Կոմիտեի անդամ չէ, ապա Կոմիտեն կարող է դատավարության ցանկացած պահի հրավիրել նրան` իր կազմում մասնակցելու իր անդամներից որևէ մեկի փոխարեն, հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ այն հարցը, թե այդ կողմը վիճարկե՞լ է արդյոք 1-ին կետի «բ» ենթակետում նախատեսված ընթացակարգի կիրառումը:»:
Հոդված 9
Կոնվենցիայի 29-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.
«1. 1-ին կետի բովանդակությունը փոփոխվում է հետևյալ կերպ. «Եթե 27-րդ կամ 28-րդ հոդվածին համապատասխան որևէ որոշում չի ընդունվում, կամ 28-րդ հոդվածին համապատասխան որևէ վճիռ չի կայացվում, Պալատը որոշում է կայացնում 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված անհատական գանգատի ընդունելիության մասին և ըստ էության: Ընդունելիության վերաբերյալ որոշումը կարող է կայացվել առանձին»:
2. 2-րդ կետը լրացվում է հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Գանգատի ընդունելիության մասին որոշումը կայացվում է առանձին, եթե դատարանը բացառության կարգով հակառակը չի որոշում:»:
3. 3-րդ կետը հանվում է:
Հոդված 10
Կոնվենցիայի 31-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.
1. «ա» կետի վերջում հանվում է «և» բառը2:
2. «բ» կետը դառնում է «գ» կետ, և հետևյալ բովանդակությամբ նոր «բ» կետ է ավելացվում.
«բ. որոշում է կայացնում 46-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան Նախարարների կոմիտեի ներկայացրած հարցի վերաբերյալ, և»:
Հոդված 11
Կոնվենցիայի 32-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.
1-ին կետի վերջում «34» թվից հետո ավելացվում են ստորակետ և «46» թիվը:
Հոդված 12
Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունը փոփոխվում է հետևյալ կերպ.
«3. Դատարանը հայտարարում է անընդունելի 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված ցանկացած անհատական գանգատ, եթե նա գտնում է.
ա. որ գանգատն անհամատեղելի է Կոնվենցիայի կամ նրան կից Արձանագրությունների դրույթների հետ, ակնհայտորեն անհիմն է կամ հանդիսանում է գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում, կամ
բ. որ գանգատարկուն չի կրել ոչ մի էական վնաս` բացառությամբ, եթե Կոնվենցիայով կամ նրա Արձանագրություններով երաշխավորված` մարդու իրավունքների պահպանումը չի պահանջում քննարկել գանգատն ըստ էության, և պայմանով, որ այս հիմքով ոչ մի գործ չի մերժվի, որը պատշաճ կարգով չի քննվել ներպետական դատարանի կողմից:»:
Հոդված 13
Կոնվենցիայի 36-րդ հոդվածը լրացվում է հետևյալ բովանդակությամբ հետևյալ նոր երրորդ կետով.
«3. Պալատի կամ Մեծ Պալատի կողմից քննության առնվող ցանկացած գործով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը կարող է ներկայացնել գրավոր դիտողություններ և մասնակցել լսումներին:»:
Հոդված 14
Կոնվենցիայի 38-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.
«Հոդված 38. Գործի քննությունը
Դատարանը քննում է գործը կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ և անհրաժեշտության դեպքում իրականացնում է նախնական ուսումնասիրություն, որի արդյունավետ իրականացման համար գործին առնչվող Բարձր Պայմանավորվող կողմերը ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները:»:
Հոդված 15
Կոնվենցիայի 39-րդ հոդվածի բովանդակությունը փոփոխվում է հետևյալ կերպ.
«Հոդված 39. Հաշտության համաձայնություններ
1. Դատավարության ցանկացած պահի դատարանը կարող է իր ծառայությունը տրամադրել գործին առնչվող կողմերին՝ սույն Կոնվենցիայով և նրա Արձանագրություններով սահմանված` մարդու իրավունքների պահպանման հիման վրա հարցը հաշտության համաձայնությամբ լուծման ապահովելու նպատակով։
2. 1-ին կետում նկարագրված ընթացակարգը գաղտնի է:
3. Հաշտության համաձայնության դեպքում Դատարանը գործը հանում է իր ցուցակից՝ կայացնելով որոշում, որում տրվում է փաստերի և ձեռք բերված լուծման հակիրճ շարադրանքը։
4. Այդ որոշումը փոխանցվում է Նախարարների կոմիտեին, որը վերահսկում է որոշման մեջ ամրագրված հաշտության համաձայնության պայմանները:»:
Հոդված 16
Կոնվենցիայի 46-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.
«Հոդված 46. Վճիռների պարտադիր ուժը և կատարումը
1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում իրենք կողմեր են:
2. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտեին, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
3. Երբ Նախարարների կոմիտեն գտնում է, որ որևէ վերջնական վճռի կատարման նկատմամբ վերահսկողությունը խոչընդոտվում է այդ վճռի մեկնաբանության դժվարությամբ, նա կարող է դիմել դատարանին, որպեսզի վերջինս որոշում կայացնի այդ մեկնաբանության հարցի վերաբերյալ: Դատարանին դիմելու որոշումը կայացվում է Կոմիտեում մասնակցելու իրավունք ունեցող ներկայացուցիչների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ:
4. Երբ Նախարարների կոմիտեն գտնում է, որ որևէ Բարձր պայմանավորվող կողմ հրաժարվում է կատարել իր մասնակցությամբ վեճով վերջնական վճիռը, նա կարող է այդ Կողմին տեղյակ պահելով և Կոմիտեում մասնակցելու իրավունք ունեցող ներկայացուցիչների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմել դատարան այն հարցով, թե արդյո՞ք այդ Կողմը չի կատարել 1-ին կետով ստանձնած իր պարտավորությունը:
5. Եթե Դատարանը հաստատում է, որ տեղի է ունեցել 1-ին կետի խախտում, ապա նա ուղարկում է գործը Նախարարների կոմիտեին, որպեսզի նա քննարկի ձեռնարկվելիք միջոցները:
Եթե Դատարանը հաստատում է, որ տեղի չի ունեցել 1-ին կետի խախտում, ապա նա վերադարձնում է գործը Նախարարների կոմիտեին, որպեսզի նա որոշի փակել քննարկումը:»:
Հոդված 17
Կոնվենցիայի 59-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.
1. Հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ կետ է ավելացվում.
«2. Եվրոպական միությունը կարող է միանալ սույն Կոնվենցիային:»:
2. 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը համապատասխանաբար դառնում են 3-րդ, 4-րդ և 5-րդ կետեր:
Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն