Առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ առողջապահության ոլորտում Ձեր իրավունքների մասին:
Մենք տրամադրում ենք օգտակար տեղեկություններ բժիշկների, պաշտոնյաների, իրավաբանների, հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են առողջապահական իրավունքով եւ բիոէթիկայով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում հիմնված միջազգային դատարան է։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ Պետությունների թվին, այսինքն ներկայում՝ 45 դատավոր։ Դատարանի դատավորները գործում են որպես անհատ դատավոր և չեն ներկայացնում որևէ պետության շահերը։ Հայցադիմումների առնչությամբ Դատարանին աջակցում է Քարտուղարությունը, որը հիմնականում կազմված է իրավաբաններից բոլոր անդամ պետություններից (որոնք նաև հայտնի են որպես իրավական քարտուղարներ)։ Նրանք լիովին անկախ են իրենց ծագման պետությունից և չեն ներկայացնում ո՛չ հայցադիմողի և ո՛չ էլ պետությունների շահերը։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան միջազգային պայմանագիր է, որը կարող են ստորագրել միայն Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները։ Կոնվենցիան, որը հիմնում է Դատարանն ու սահմանում դրա գործունեության շրջանակները, պարունակում է այն իրավունքները և երաշխիքները, որոնք պետությունները ստանձնել են հարգել։
Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Դրա խնդիրն է երաշխավորել Կոնվենցիայում ամրագրված իրավունքների և երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ Պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաև պետությունների ներկայացրած բողոքները (որոնք հայտնի են որպես «հայցադիմումներ») զննելու միջոցով։ Եթե այն գտնում է, որ անդամ Պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից և երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն. խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։
Դուք կարող եք հայցադիմում ներկայացնել Դատարան, եթե համարում եք, որ անձնապես և ուղղակիորեն տուժել եք Կոնվենցիայում կամ դրա Արձանագրություններում ամրագրված իրավունքների և երաշխիքների ոտնահարումից։ Ոտնահարումը պետք է կատարված լինի Կոնվենցիան վավերացրած պետություններից որևէ մեկի կողմից։
Կոնվենցիան մասնավորապես պաշտպանում է.
• կյանքի իրավունքը,
• քաղաքացիական և քրեական գործերում արդար դատաքննության իրավունքը,
• անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը,
• արտահայտվելու ազատությունը,
• մտքի, խղճի և կրոնի ազատությունը,
• իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը,
• սեփականության խաղաղ տնօրինման իրավունքը և
• ազատ ընտրելու և ընտրվելու իրավունքը։
Կոնվենցիան մասնավորապես արգելում է.
• խոշտանգումները և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը,
• կամայական և անօրինական կալանքը,
• Կոնվենցիայում ամրագրված իրավունքներից և ազատություններից օգտվելիս խտրական վերաբերմունքի ցանկացած դրսևորում,
• Պետության կողմից իր քաղաքացիներին վտարելը կամ նրանց մուտքը պետություն արգելելը,
• մահապատիժը և
• օտարերկրացիների կոլեկտիվ վտարումը։
• Անհրաժեշտ չէ, որպեսզի Դուք լինեք Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացի։ Այն իրավախախտումը, որի մասին Դուք բողոքում եք, պետք է կատարված լինի Կոնվենցիան վավերացրած որևէ պետության կողմից և նրա «իրավասության» շրջանակներում, ինչը սովորաբար նշանակում է տվյալ պետության տարածքը։
• Դուք կարող եք լինել անհատ կամ իրավաբանական անձ, օրինակ՝ ընկերություն կամ ընկերակցություն։
• Դուք պետք է ուղղակիորեն և անձնապես տուժած լինեք այն իրավախախտումից, որը Ձեր կարծիքով տեղի է ունեցել։ Դուք չեք կարող ընդհանուր բողոք ներկայացնել որևէ օրենքի կամ միջոցի առնչությամբ այն պատճառով, որ այն, օրինակ, անարդար է, ինչպես նաև չեք կարող հայցադիմում ներկայացնել այլ անձանց անունից (բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինները հստակ մատնանշել են Ձեզ որպես իրենց պաշտոնական ներկայացուցիչ)։
• Այո։ Դուք պետք է սպառած լինեք իրավական պաշտպանության բոլոր այն միջոցները տվյալ պետությունում, որոնք կարող են վերականգնել այն իրավիճակը, որի վերաբերյալ Դուք հայցադիմում եք ներկայացրել (սովորաբար սա նշանակում է բողոք համապատասխան դատարանին, որին հետևում է բողոքարկումը, եթե այն կիրառելի է, և նույնիսկ հետագա բողոքարկումը բարձրագույն ատյան, ինչպես օրինակ` Գերագույն դատարան, եթե այն գոյություն ունի)։
• Բավարար չէ պարզապես օգտագործել այդ միջոցները։ Դրանց դիմելիս պետք է փաստացի ներկայացնել բողոքը (այսինքն՝ Կոնվենցիայի այն խախտումները, որ ըստ Ձեզ տեղի են ունեցել)։
• Տեղական մակարդակում կայացված վերջին որոշումից հետո (ավելի պարզ՝ բարձրագույն դատարանի վճռից հետո) Դուք միայն 6 ամիս ժամանակ ունեք հայցադիմում ներկայացնելու համար։ Նշված ժամանակահատվածից հետո Ձեր հայցադիմումը չի կարող ընդունվել Դատարանի կողմից։
• Կոնվենցիան վավերացրած մեկ կամ մի քանի Պետությունների դեմ, որը կամ որոնք Ձեր կարծիքով (ուղղակիորեն Ձեզ առնչվող մեկ կամ մի քանի գործողություններով կամ բացթողումներով) խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։
• Այն միջոցը կամ միջոցները, որոնց վերաբերյալ Դուք բողոք եք ներկայացրել, պետք է կիրառված լինեն պետության (պետությունների) մեկ կամ մի քանի պետական իշխանությունների (օրինակ՝ դատարանի կամ վարչական մարմնի) կողմից։
• Դատարաններն իրավասու չեն ուսումնասիրել անհատների կամ մասնավոր հաստատությունների, օրինակ՝ առևտրային ընկերությունների, դեմ ուղղված բողոքները։
• Ձեր դիմումը պետք է վերաբերի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված իրավունքներից որևէ մեկին։ Ենթադրելի խախտումները կարող են վերաբերել բազմաբնույթ խնդիրների, ինչպես՝ ազատազրկվածների խոշտանգումներ և վատ վերաբերմունք, անօրինական կալանք, քաղաքացիական կամ քրեական դատավարությունների թերություններ, իրավունքից օգտվելիս խտրականության դրսևորում, պետական հաստատություններում գտնվող երեխաների ծնողների իրավունքներ, բնակարանի և հաղորդակցության նկատմամբ հարգանք, կարծիքի արտահայտման, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման կամ ստացման իրավունքների սահմանափակումներ, հավաքներին կամ ցույցերին մասնակցելու ազատության սահմանափակումներ, վտարում և արտաքսում, ունեցվածքի առգրավում և յուրացում։
Պետք է նամակ ուղարկել Դատարանին՝ ներկայացնելով Ձեր բողոքի հստակ մանրամասները, կամ լրացրնել դիմումի ձևը [Դիմումի ձևը մատչելի է մեր ինտերնետային կայքում և Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակում] և այն ուղարկել հետևյալ հասցեով՝
The Registrar
European Court of Human Rights
Council of Europe
F-67075 Strasbourg Cedex
• Դուք կարող եք գրել Դատարանի պաշտոնական լեզուներից որևէ մեկով (անգլերեն և ֆրանսերեն) կամ Կոնվենցիան վավերացրած պետություններից որևէ մեկի պաշտոնական լեզվով։
• Եթե Դուք Ձեր դիմումն ուղարկում եք ֆաքսով, ապա պետք է նաև հաստատող գրավոր նամակ ուղարկեք փոստով։
• Մի՛ եկեք Ստրասբուրգ Ձեր հայցը բանավոր ներկայացնելու։ Ձեր հայցի քննությունը դա չի արագացնի, և Դուք որևէ իրավաբանական խորհրդատվություն չեք ստանա։
• Քարտուղարությունը կարող է լրացուցիչ փաստաթղթեր, տեղակատվություն կամ բացատրություններ պահանջել՝ Ձեր հայցադիմումի հետ կապված։
• Դիմումի ձևը ձեռք բերելուց անմիջապես հետո Դուք պետք է այն ուշադիր և ընթեռնելի լրացնեք և հնարավորինս արագ ուղարկեք վերոհիշյալ հասցեով։ Այն պետք է պարունակի՝
• փաստերի և Ձեր բողոքների հակիրճ նկարագիր,
• հղում Կոնվենցիայում ամրագրված այն իրավունքներին, որոնք Ձեր կարծիքով ոտնահարվել են,
• իրավական պաշտպանության այն միջոցները, որոնց արդեն դիմել եք,
• Ձեր հայցադիմումի առնչությամբ բոլոր պետական իշխանությունների կայացրած որոշումների պատճենները (այս փաստաթղթերը Ձեզ չեն վերադարձվելու, ուստի անհրաժեշտ է ուղարկել միայն պատճենները) և
• Ձեր ստորագրությունը՝ որպես հայցատու, կամ Ձեր ներկայացուցչի ստորագրությունը։
• Եթե Դուք չեք ցանկանում բացահայտել Ձեր ինքնությունը, ապա պետք է այդ մասին անմիջապես հայտնեք Դատարանին՝ պատճառաբանելով Ձեր խնդրանքը։ Նախագահը որոշում է, թե արդյոք այն հիմնավորված է։
• Դատավարության այս փուլում պարտադիր չէ, որ Ձեր շահերը ներկայացվեն փաստաբանի կողմից։ Այնուամենայնիվ, եթե Դուք ցանկություն ունեք Դատարանին դիմել ներկայացուցչի միջոցով, ապա պետք է հայցադիմումի ձևի հետ ուղարկեք Ձեր անունից հանդես գալու մասին նրան տրված լիազորագիրը։
• Ձեր հայցը քննվում է անվճար։
• Դուք միայն պետք է հոգաք Ձեր սեփական ծախսերը (ինչպես օրինակ՝ փաստաբանական վճարները կամ ուսումնասիրությանն ու հաղորդակցությանն առնչվող ծախսերը)։
• Դիմումը ներկայացնելուց հետո Դուք կարող եք դիմել իրավաբանական օգնության։ Իրավաբանական օգնությունն ինքնաբերաբար չի հատկացվում, և գումարները անմիջապես չեն տրվում, այլ միայն դատավարության վերջնական փուլում։
• Դատավարությունն անց է կացվում գրավոր։ Հետևաբար, սովորաբար լսումներ չեն լինում, և Դատարանի կայացրած ցանկացած որոշման մասին Ձեզ տեղեկացնում են գրավոր։
• Դատարանը պետք է առաջին հերթին քննի, թե արդյոք Ձեր հայցադիմումն ընդունելի է։ Սա նշանակում է, որ գործը պետք է համապատասխանի կոնկրետ պահանջների, որոնք ամրագրված են Կոնվենցիայում (տե՛ս էջ 3՝ Որո՞նք են հայցադիմում ներկայացնելու նախապայմանները)։ Եթե պայմանները բավարարված չեն, ապա Ձեր հայցադիմումը մերժվում է։ Եթե Դուք մի շարք բողոքներ եք ներկայացրել, Դատարանը կարող է հայտարարել, որ դրանցից մեկը կամ մի քանիսը ընդունելի են, և մերժել մյուսները։
• Եթե Ձեր հայցադիմումը կամ Ձեր բողոքներից որևէ մեկը հայտարարվել է անընդունելի, ապա այդ որոշումը վերջնական է և անշրջելի։
• Եթե Ձեր դիմումը կամ Ձեր բողոքներից որևէ մեկը համարվում է ընդունելի, ապա Դատարանը կողմերին (Ձեզ և խնդրո առարկա պետությանը) խրախուսում է բարեկամական լուծում գտնել։ Երկու կողմերին էլ առաջարկվում է համաձայնության գալ և կարգավորել խնդիրը։ Բարեկամական լուծման չհանգելու պարագային, Դատարանը քննում է հայցադիմումն ըստ էության, այսինքն որոշում է՝ Կոնվենցիայի խախտում եղել է, թե ոչ։
• Նկատի ունենալով գործերի ներկա կուտակումը՝ հնարավոր է, որ ստիպված կլինեք սպասել մինչև մեկ տարի, նախքան Դատարանը կկարողանա ընթացք տալ Ձեր գործի նախնական քննությանը։ Որոշ հայցադիմումներ հնարավոր է առավել հրատապ քննվեն՝ ելնելով դրանց գերակայությունից, մասնավորապես երբ նշվում է, որ հայցատուին մոտալուտ ֆիզիկական վտանգ է սպառնում։
Եթե Դատարանը գտնում է, որ իրավախախտում է տեղի ունեցել, այն կարող է որոշում կայացնել հատկացնել «արդար փոխհատուցում»՝ դրամական գումար կրած որոշակի վնասների համար։ Դատարանը կարող է նաև պահանջել, որպեսզի խնդրո առարկա պետությունը փոխհատուցի այն ծախսերը, որ Դուք կատարել եք Ձեր հայցադիմումը ներկայացնելու համար։ Եթե դատարանը գտնում է, որ իրավախախտում չի եղել, ապա Դուք ստիպված չեք լինի վճարել որևէ լրացուցիչ ծախսեր (որոնք պահանջվում են պատասխանող պետությունից)։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ.
• Դատարանը իրավասու չէ չեղյալ հայտարարել պետական որոշումները կամ անվավեր ճանաչել պետական օրենքները։
• Դատարանը պատասխանատու չէ իր որոշումների կատարման համար։ Դատարանի կողմից որոշման կայացումից անմիջապես հետո դրա կատարման պատասխանատվությունը ստանձնում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, որի խնդիրն է վերահսկել որոշման ի կատար ածումը և երաշխավորել հասանելիք փոխհատուցման վճարումը։
• Դատարանը չի գործում որպես վերաքննիչ դատարան ի դեմս պետական դատարանների, այն չի վերանայում հայցերը, չի կարող բեկանել կամ փոփոխել վերջինների կայացրած որոշումները։
• Դատարանն ուղղակիորեն Ձեր անունից չի միջնորդում իշխանություններին, որոնց դեմ Դուք բողոք եք ներկայացնում։
• Դատարանը չի օգնում Ձեզ փաստաբան գտնել և չի վճարում նրա ծառայությունների համար՝ Ձեր հայցադիմումը կազմելու նպատակով։
• Բացի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումից Դուք չեք կարող բողոքել որևէ այլ փաստաթղթում, օրինակ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում կամ Հիմնարար ազատությունների խարտիայում, ամրագրված իրավունքների և ազատությունների ոտնահարման վերաբերյալ։
• Չպետք է շփոթել, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական համայնքի Արդարադատության դատարանի հետ, որը գտնվում է Լյուքսեմբուրգում։
• Դատարանը չի կարող Ձեզ տեղեկություններ տալ այն պետության իրավական դրույթների վերաբերյալ, որի դեմ ուղղված է Ձեր հայցադիմումը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ http://www.echr.coe.int ինտերնետային կայքից։
Դատարանին կարող եք դիմել՝ էլետրոնային հասցեով։
Աղբյուր
Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն