Կայքի թարմացումը` 04-09-2014 space

PG

 

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա

{title}

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան ընդունվել է 1950թ. նոյեմբերի 4-ին, Հռոմում և հետագայում փոփոխվել 11-րդ արձանագրությամբ:

Սույն Կոնվենցիան ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ,

նկատի ունենալով 1948թ. դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հռչակած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը,

նկատի ունենալով, որ սույն Հռչակագիրը նպատակ ունի ապահովելու այնտեղ հռչակված իրավունքների համընդհանուր և արդյունավետ ճանաչումն ու պահպանումը,

նկատի ունենալով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն իր անդամների միջև առավել միասնություն ձեռք բերելն է, և որ այդ նպատակին հասնելու միջոցներից մեկը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պահպանումը և հետագա իրականացումն է,

կրկին հավաստելով իրենց խորին հավատը այդ հիմնարար ազատությունների նկատմամբ, որոնք արդարության ու խաղաղության հիմքն են աշխարհում, և որոնց լավագույն պահպանումը կախված է, մի կողմից, քաղաքական արդյունավետ ժողովրդավարությունից և, մյուս կողմից, մարդու` դրանց վերաբերող իրավունքների ընդհանուր ըմբռնումից ու պահպանումից,

համակված վճռականությամբ` որպես միասնական հայացքներ և քաղաքական ավանդույթների, իդեալների, ազատության և իրավական պետության ընդհանուր ժառանգություն ունեցող եվրոպական երկրների կառավարութ-յուններ` առաջին քայլերն անել Համընդհանուր հռչակագրում ամրագրված որոշ իրավունքների հավաքական իրականացման ճանապարհին,

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

Հոդված 1
Մարդու իրավունքները հարգելու պարտականությունը

Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում:

ԲԱԺԻՆ I
Իրավունքներ և ազատություններ

Հոդված 2
Կյանքի իրավունք

1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով:

Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը:

2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է`

ա. ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,
բ. օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,
գ. խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար:

Հոդված 3
Խոշտանգումների արգելում

Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

Հոդված 4
Ստրկության և հարկադիր աշխատանքի արգելում

1. Ոչ ոք չպետք է պահվի ստրկության մեջ կամ անազատ վիճակում:

2. Ոչ ոք չպետք է պարտադրվի կատարելու պարտադիր կամ հարկադիր աշխատանք:

3. Սույն հոդվածի նպատակների համար «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» հասկացությունը չի ներառում`

ա. ցանկացած աշխատանք, որը սովորաբար պահանջվում է կատարել սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի դրույթների համաձայն կալանքի տակ գտնվելու կամ նման կալանքից պայմանականորեն ազատված լինելու ընթացքում,
բ.զինվորական բնույթի ցանկացած ծառայություն, իսկ այն երկրներում, որտեղ օրինական է ճանաչվում զինվորական ծառայությունից հրաժարվելը` համոզմունքներից ելնելով` պարտադիր զինվորական ծառայության փոխարեն նշանակված ծառայությունը,
գ. ցանկացած ծառայություն, որը պարտադիր է բնակչության կյանքին կամ բարեկեցությանն սպառնացող արտակարգ դրության կամ աղետի դեպքում,
դ. սովորական քաղաքացիական պարտականությունների մաս կազմող ցանկացած աշխատանք կամ ծառայություն:

Հոդված 5
Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք

1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

ա. անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո,
բ. անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,
գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,
դ. անչափահասին կալանքի վերցնելը օրինական կարգադրության հիման վրա` դաստիարակչական հսկողության համար, կամ նրա օրինական կալանավորումը` նրան իրավասու իրավական մարմնին ներկայացնելու նպատակով,
ե. անձանց օրինական կալանքի վերցնելը` վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև հոգեկան հիվանդներին, գինեմոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին օրինական կալանքի վերցնելը,
զ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով:

2. Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների և ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին:

3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:

4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է:

5. Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման:

Հոդված 6
Արդար դատաքննության իրավունք

1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Դատավճիռը հրապարակվում է դռնբաց նիստում, սակայն մամուլի ներկայացուցիչների և հանրության ներկայությունը կարող է չթույլատրվել ամբողջ դատաքննության կամ նրա մի մասի ընթացքում` ժողովրդավարական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի կամ պետական անվտանգության շահերից ելնելով, երբ դա են պահանջում անչափահասների շահերը կամ կողմերի մասնավոր կյանքի պաշտպանությունը, կամ` այնքանով, որքանով դա, դատարանի կարծիքով, հատուկ հանգամանքների բերումով խիստ անհրաժեշտ է, եթե հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը:

2. Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան:

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

ա. իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին,
բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,
գ. պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը,
դ. հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները,
ե. օգտվելու թարգմանչի անվճար օգնությունից, եթե ինքը չի հասկանում դատարանում գործածվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով:

Հոդված 7
Պատիժ` բացառապես օրենքի հիման վրա

1. Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին:

2. Սույն հոդվածը չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալ և պատժել որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան, համարվել է քրեական հանցագործություն:

Հոդված 8
Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք


1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 9
Մտքի, խղճի և կրոնի ազատություն

1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն:

2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների:

Հոդված 10
Արտահայտվելու ազատություն

1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից: Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:

2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:

Հոդված 11
Հավաքների և միավորման ազատություն

1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը:

2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսել զինված ուժերի, ոստիկանության և պետական վարչակազմի մեջ մտնող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ:

Հոդված 12
Ամուսնության իրավունք

Ամուսնական տարիքի հասած տղամարդիկ ու կանայք ունեն ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք` այդ իրավունքի իրականացումը կարգավորող ներպետական օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 13
Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք

Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

Հոդված 14
Խտրականության արգելում

Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից:

Հոդված 15
Արտակարգիրավիճակներում պարտավորություններից շեղում

1. Պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգդրության ժամանակ ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է ձեռնարկել միջոցառումներ` ի շեղումն սույն Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունների` բացառապես այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը` պայմանով, որ նման միջոցառումներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքով ստանձնած նրա մյուս պարտավորությունների հետ:

2. Այս դրույթը չի կարող հիմք ծառայել` շեղվելու 2-րդ հոդվածից, բացա-ռությամբ պատերազմական օրինական գործողությունների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ, կամ 3-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 1-ին կետի և 7-րդ հոդվածի դրույթներից:

3. Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ, օգտագործելով շեղվելու այդ իրավունքը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ամբողջությամբ իրազեկում է իր կիրառած միջոցառումների և դրանք կիրառելու դրդապատճառների մասին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ծանուցվում է նաև այդ միջոցառումների գործողությունը դադարեցնելու և Կոնվենցիայի դրույթների լիակատար իրագործումը վերսկսելու մասին:

Հոդված 16
Օտարերկրացիների քաղաքական գործունեության սահմանափակում

10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածներում ոչինչ չի կարող խոչընդոտել Բարձր պայմանավորվող կողմերին` սահմանափակումներ նախատեսելու օտարերկրացիների քաղաքական գործունեության համար:

Հոդված 17
Իրավունքների չարաշահման արգելում

Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել այն իմաստով, թե որևէ պետություն, անձանց խումբ կամ որևէ անձ իրավունք ունեն զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի գործողություն, որն ուղղված է սույն Կոնվենցիայում շարադրված ցանկացած իրավունքի և ազատության վերացմանը կամ դրանց սահմանափակմանը ավելի մեծ չափով, քան նախատեսված է Կոնվենցիայով:

Հոդված 18
Իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները

Նշված իրավունքների և ազատությունների` սույն Կոնվենցիայով թույլատրվող սահմանափակումները չեն կիրառվում որևէ այլ նպատակով, բացի այն, որի համար դրանք նախատեսվել են:


Էջ 1 / 3   |   Էջ 1 2 3   |  Հաջորդ էջը »

 

Նորություններ

«Պետք է բացառվեն այլ կառույցների հետ ընկերային կամ բարեկամական հարաբերությունները»

«ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության աշխատանքը պետք է բարձրացնի հանրության վստահությունը համակարգի հանդեպ»,-տեսչության ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում այս շեշտադրումն է կատարել ՀՀ առողջապահության նախարար…

կարդալ

Այցելություն Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր այցելեցին ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, հանդիպեցին բուժանձնակազմին:

Կենտրոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների…

կարդալ

Նուռնուսում արձագանքում են բնակիչների դժգոհությանը

Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի մի խումբ բնակիչներից` ամառանոցային տարածքի Հարոյան փողոցին կից «Առողջ սունկ» ՍՊԸ-ի սնկի աճեցման համար կոմպոստի արտադրամասի աշխատանքի արդյունքում առաջացող տհաճ հոտի և հակասանիտարական վիճակի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունում…

կարդալ



Իրադարձություններ

“Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս” թեմայով դասընթացի հրավեր

“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը կկայանա սույն թվականի հունիսի 9-ին, ժամը՝ 13:00-ին, ԵՊՀ իրավագիտության…

կարդալ

Քննարկում “Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը” թեմայով

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնը կազմակերպում է սեմինար-քննարկում <ՙ<Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը>> թեմայով:

Վեջինս տեղի կունենա սույն թվականի մարտի 6-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի…

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


Սույն օրենքը սահմանում է արհեստակցական միությունների հիմնադրման կարգը, նրանց գործունեության սկզբունքները եւ հարաբերությունները պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական եւ…

Բառարան


Բաժինը ներառում է տվյալներ բժշկական հիմնարկների ցանցի, գործունեության և կադրերի, հիվանդությունների առանձին տեսակների, ինչպես
նաև սոցիալական ապահովվածության վերաբերյալ:…

Անցուդարձ


“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137