Կայքի թարմացումը` 01-06-2015 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ստեղծման և գործունեության նախադրյալները Հանրապետությունում

Ներկայում Հայաստանի Հանրապետությունը գտնվում է սոցիալական, իրավական բարեփոխումների ժամանակաշրջանում, որոնք օբյեկտիվորեն կրում են շարունակական բնույթ: Նման պայմաններում ավելի է աճում մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության երաշխիքների ամրապնդման անհրաժեշտությունը: Խնդիրն ավելի է արդիական դառնում՝ նկատի ունենալով, որ իրավունքների և ազատությունների խախտումների վերաբերյալ բողոքների և դիմումների լուծման առկա կառուցակարգերը հաճախ բավարար չեն լինում:

Մեր կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ շատ քաղաքացիներ չեն դիմում իրավունքների և ազատությունների պաշտպանության ընդունված միջոցների (դատական կամ իրավապահ մարմիններ, գործադիր իշխանության համապատասխան մարմիններ), քանի որ այդպիսիք պահանջում են շատ ժամանակ, ինչպես նաև դրանց ընթացակարգերը հաճախ խիստ ձևականացված են և դժվարամատչելի:

Հայաստանի Հանրապետության հասարակական, քաղաքական կյանքի փոփոխությունների, նոր տնտեսական հարաբերությունների առաջացման արդյունքում մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը ՀՀ Սահմանադրությամբ (հատկապես 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններից հետո) դրվեց որակապես նոր հիմքի վրա: Դա նաև կազմում է ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման անքակտելի մասը:

Արդի միջազգային իրավակարգի իրողություններից մեկը մարդու իրավունքները որպես միջպետական հարաբերությունների առարկայի բաղադրիչ ճանաչելն է. պետության վերաբերմունքն իր քաղաքացիների նկատմամբ, այլևս, ինչպես գիտենք, բացառապես ներքին իրավասության խնդիր չէ: Այս հանգամանքն առավել ևս կարևորվում է` հաշվի առնելով միջազգային և ներպետական իրավունքի հարաբերակցության հիմնախնդրի սահմանադրական նոր լուծումը ՀՀ-ում, որտեղ միջազգային պայմանագրերը ազգային իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են:

Սահմանադրության 6-րդ հոդվածում ամրագրված այս դրույթը հավելյալ բովանդակություն է ստացել 2002 թվականի մարտ ամսին ՀՀ ԱԺ կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիան վավերացնելուց հետո: Վերջինս ամրագրում է մարդու` հիմնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև դրանց երաշխիքները: Սահմանադրության 3-րդ հոդվածն իր հերթին ամրագրում է.

«Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:

Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք:

Նման պայմաններում ակնհայտ է, որ պետական մակարդակով անհրաժեշտ է ամբողջացնել մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ երաշխիքների համակարգը՝ ստեղծել այդ նպատակին կոչված համապարփակ իրավապաշտպան կառուցակարգ»:

Այս առումով քաղաքակիրթ աշխարհում պետական կառավարման մարմինների և պաշտոնատար անձանց ոտնձգություններից անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ամենատարածված միջոցներից է մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական լիազորի (օմբուդսմանի) սկանդինավյան ինստիտուտը:  Եթե 20-րդ դարի 50-ական թվականներին խորհրդարանական լիազորի ինստիտուտը գործում էր ընդամենը 2 երկրում (Շվեդիա և Ֆինլանդիա), ապա ներկայում ավելի, քան 40 երկրներում գործում են 150-ից ավելի մարմիններ, որոնք իրականացնում են այդ կառույցին բնորոշ գործառույթներ:

Ձևավորված պրակտիկան ցույց է տալիս, որ ինչպես ՀՀ-ում այնպես էլ ԱՊՀ մյուս երկրներում, ի սկզբանե հնարավոր է համարվել մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնող առանձին և անկախ հաստատության գոյությունը: Այդպիսին համարվել է օմբուդսմանի կամ մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Պաշտպան) հաստատությունը:

Նշված ինստիտուտը համարվում է իրավունքների և ազատությունների պաշտպանության ամենաարդյունավետ խորհրդարանական կառուցակարգերից մեկը: Դա բացատրվում է ժամանակակից աշխարհում վերջինիս ունեցած ժողովրդավարական շատ հատկանիշներով (անկախ կարգավիճակը, խորհրադարանի կողմից նշանակվելը և նրա գործունեության ողջ ընթացքում անփոփոխելիությունը, օրենսդրական նախաձեռնության իրավունքը, իրավունքների և ազատությունների պաշտպանության կարիք ունեցող քաղաքացիների համար մատչելիությունը, դիմումների և բողոքների քննարկման ձևական ընթացակարգերի բացակայությունը, քաղաքացիների անվճար իրավաբանական օգնությունը և այլն):

Այս կամ այն երկրում օմբուդսմանի գործունեության հիմնարար սկզբունքների սահմանադրական ամրագրումը հանդիսանում է դրա իրավական կարգավորման կարևորագույն երաշխիք: Կարգավորման կայունությունն իր հերթին երաշխավորում է գործունեության անկախությունն ու արդյունավետությունը:

Այս ինստիտուտի լիարժեք ընկալումը ենթադրում է, որ տվյալ պետությունն ու հասարակությունը շատ ավելի մոտ են գտնվում ժողովրդավարությանը և ժողովրդաիշխանությունն ավելի է մոտենում իր սկզբնական ակունքներին` դրանով իսկ ապահովում նաև ժողովրդի կողմից իշխանությունը ձևավորելու գործընթացը:

Իսկ ինչպես արդեն նշել ենք, թեմայի արդիականությունը մեծապես պայմանավորված է մարդու իրավունքների պաշտպանության առավել հուսալի և արդյունավետ ինստիտուտների ձևավորման անհրաժեշտությամբ: Ինչպես ԱՊՀ մի շարք երկրների, այնպես էլ ՀՀ-ի պարագայում գործադիր իշխանության մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինի գործողությունները վերադասության կարգով բողոքարկելը ցանկալի արդյունք չի տալիս: Հենց այդ նկատառումից էլ ելնելով, առաջ է եկել օմբուդսմանի ինստիտուտի ստեղծման անհրաժեշտությունը:

ՀՀ անկախացումից հետո Պաշտպանի ինստիտուտի սահմանադրական հիմունքները առավել առարկայացան միայն 2005 թվականի Սահմանադրական բարեփոխումների ժամանակ: Իսկ դա, ինչպես նշել ենք, նաև ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման բաղկացուցիչ մասն է:

Այդուհանդերձ, Պաշտպանի ինստիտուտի սահմանադրական ամրագրման գործընթացը տևել է շուրջ տասը տարի: Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը նախատեսված էր դեռևս 1995 թվականի Սահմանադրության նախագծում. սակայն ինչ-ինչ պատճառներով այն մերժվել է Սահմանադրական հանձնաժողովի կողմից : 

Պաշտպանի ինստիտուտն իր բնույթով սահմանադրաիրավական ինստիտուտ է, որն իր սահմանադրական գերակայությամբ պետք է պայմանավորի նրա անկախության և գործունեության երաշխավորվածությունը: Այնուամենայնիվ, նման ինստիտուտի ձևավորման անվիճարկելի սահմանադրաիրավական նախադրյալների առկայության պայմաններում, ցավոք, չստեղծվեցին Պաշտպանի հաստատության անկախության, կազմակերպման և գործունեության հիմքերը:

Մեր կարծիքով, Պաշտպանի ինստիտուտի կարգավիճակի առաքելության, կազմակերպման, ինչպես նաև գործունեության հիմունքների սահմանադրական ամրագրումը չափազանց կարևոր է այդ ինստիտուտի անկախության երաշխավորման և գործունեության արդյունավետության ապահովման համար:

Իսկ ցանկացած իրավական համակարգ ունեցող երկրում նման ինստիտուտի սահմանադրական հստակ կարգավորման բացակայությունը հնարավորություն է տալիս ընթացիկ օրենքներով, քաղաքական, խմբակային շահերից ելնելով փոխել ընդհուպ Պաշտպանի ինքնուրույն և անկախ գործունեության իրականացման ընթացքում:

Հարկ է նշել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՊՀ երկրների շրջանակներում օմբուդսմանի ինստիտուտի ներդրման մասին քննարկումները սկզբնական փուլում սկսվեցին ծավալվել Ռուսաստանի Դաշնությունում: Մինչ այդ, նմանատիպ իրավապաշտպան կազմակերպություններ գոյություն չունեին:

Չկային նույնիսկ բավարար քանակով գիտական հետազոտություններ այդ մասին: Միայն Վ. Բոյցովի, Տ. Ա. Վասիլևայի, Ն. Ա. Կոլեսովայի և մի շարք այլ իրավագետների աշխատություններն էին, որոնք նվիրված էին օմբուդսմանի ինստիտուտի կազմակերպման և գործունեության հիմնախնդրին:

ՀՀ-ն հանդիսանում է ամենաերիտասարդ հանրապետությունը` նշված ինստիտուտի գոյության առումով, և ընդհանրական պատկերացում կազմելու, Հայաստանի Հանրապետության համար նոր գաղափարներ ներկայացնելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ԱՊՀ որոշ երկրներում նման ինստիտուտի ստեղծման պատմությունը:

Այսպես, ՌԴ-ում օմբուդսմանի ինստիտուտի հիմնադրման գաղափարը առաջին անգամ իրավաբանական ձևակերպում է ստացել ՌԽՍՖՀ ԳԽ-ի կողմից 1991 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների հռչակագրում: Հռչակագրի 40-րդ հոդվածում խոսքը գնում էր մարդու իրավունքների խորհրդարանական լիազորի պաշտոնի ստեղծման հնարավորությունների մասին, որը նշանակվելու էր ԳԽ-ի կողմից 5 տարի ժամկետով, հաշվետու էր լինելու նրան, օգտվելու էր նույն անձեռնմխելիությունից, ինչ և ՌԽՖՍՀ ժող. ժատգամավորը. նրա նպատակն էր հանդիսանալու ՌԴ մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը: Ընդ որում, սկզբնական շրջանում կոչվում էր մարդու իրավունքների գծով պետական կոմիսար, այնուհետև մարդու իրավունքների խորհրդարանական լիազոր, ՌԽՖՍՀ ԳԽ-ի Մարդու իրավունքների լիազոր:

Այնուամենայնիվ, գործնականում այս ինստիտուտը սկսել է արդյունավետ գործել ավելի ուշ` համանուն օրենքի ընդունումից հետո:

Ուկրաինայում օմբուդսմանի մասին օրենքի նախագիծը գերագույն Ռադա է մտել 1995 թվականի օգոստոսին, սակայն այն անհրաժեշտ արդյունք չէր տվել, միայն 1996 թվականի Սահմանադրության մեջ ամրագրվելուց հետո 1997թվականին լրջորեն շրջանառության մեջ դրվեց այդ ինստիտուտի գոյությունը:

Վրաստանի Սահմանադրությունը, որն ընդունվել էր 1995 թվականի օգոստոսի 24-ին, ամրապնդեց ժողովրդավարական կարգի հիմունքները: Վրաստանի Սահմանադրության նվաճումներից մեկն այն էր, որ նրանում ամրապնդվեց Վրաստանի ժողովրդական Պաշտպանի ինստիտուտն ի սկզբանե:

Բելոռուսի Սահմանադրությամբ չնայած ամրագրված է մարդու` որպես հասարակության բարձրագույն արժեք լինելը, սակայն հանրապետությունում չի գործում օմբուդսմանի ինստիտուտը: Ներկայում շրջանառության մեջ է դրվել համապատասխան օրենքի նախագիծ:

Հայաստանի Հանրապետությունում Պաշտպանի ինստիտուտի սահմանադրական կարգավորման բացակայությունն այս ինստիտուտի ստեղծման գործընթացն առաջ բերեց նաև մի շարք դժվարություններ և հակասություններ: Դրանք առաջին հերթին պայմանավորված էին այն իրողությամբ, որ ՀՀ Սամանադրությունը չէր նախատեսում օրենսդիր մարմնի կողմից Պաշտպանին նշանակելու որևէ իրավական հնարավորություն, ինչը զրկում էր այս ինստիտուտը իր անկախության կարևորագույն երաշխիքից:

Երկրի օրենսդիր մարմնի կողմից Պաշտպանի նշանակովիության սկզբունքը` որպես նրա անկախության կարևորագույն երաշխիք, բխում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 20.12.1993 թվականի 48/34 բանաձևով ընդունված Մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ազգային հաստատությունների կարգավիճակին և գործունեությանը վերաբերող Փարիզյան սկզբունքներ և լայնորեն ընդունված միջազգային պրակտիկայից:

Մինչդեռ, 1995 թվականի Սահմանադրությամբ սահմանված էր ԱԺ-ի լիազորությունների սպառիչ ցանկ, իսկ սպառիչ լինելն արդեն արգելք էր հանդիսանում ԱԺ-ի կողմից այլ պետական պաշտոնատար անձ նշանակելու կամ ընտրելու համար:

Նման սահմանադրաիրավական կարգավորման պայմաններում Պաշտպանի ինստիտուտի ստեղծումը սկզբնական շրջանում լուրջ վեճերի տեղիք է տվել, քանի որ ՀՀ Նախագահի կողմից Պաշտպանին նշանակելու պայմաններում լուրջ կասկածի տակ էր դրվում այս հաստատության անկախությունը, գործունեության արդյունավետությունը և վստահությունը:

2005 թվականի նոյեմբերի 27-ին անցկացված հանրաքվեի արդյունքում ընդունված Սահմանադրության փոփոխությունների նախագծում, Պաշտպանին վերաբերող դրույթներ սահմանվեցին փոփոխություններով Սահմանադրության 18 և 83.1 հոդվածներով:

Արդի հայկական պետության մեջ Պաշտպանի ինստիտուտի տեղի և դերի հարցը համարվում է բարդ հիմնախնդիր, ինչը պայմանավորված է նաև սահմանա-դրական ոչ հստակ կարգավորմամբ:

Եվ չնայած, Սահմանադրության փոփոխությունները կատարվում են ոչ հաճախ, այնուամենայնիվ, կարելի է համաձայնել տեսության մեջ տեղ գտած այն մոտեցման հետ, որով առաջարկվում է ՀՀ Սահմանադրության մեջ առանձնացնել ինքնուրույն գլուխ «պետական այլ մարմիններ» վերտառությամբ, և դրա մեջ ներառել պետական մարմինների սահմանադրաիրավական կարգավիճակը սահմանող դրույթներ, որոնք իշխանության և ոչ մի թևի մեջ չեն մտնում` օրինակ, մարդու իրավունքների Պաշտպանը, դատախազությունը, վերահսկիչ պալատը, կենտրոնական բանկը և այլն:

Մեր կարծիքով, ՀՀ Սահամանադրության՝ Պաշտպանին վերաբերող դրույթներում պետք է ամրագրել, որ ՀՀ Պաշտպանն անփոփոխելի պաշտոնատար անձ է: Իր լիազորություններն իրականացնելիս, Պաշտպանն անկախ է, ենթարկվում է միայն ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին:

Անհրաժեշտ է հստակ սահմանել նաև Պաշտպանի գործունեության այլ երաշխիքներ (տարիքային ցենզ, անձեռնմխելիություն և այլն):

Այնուամենայնիվ, հարկ ենք համարում այս կապակցությամբ ներկայացնել որոշ դատողություններ՝ կապված ՀՀ Սահմանադրության մի շարք իրավադրույթների վերլուծության հետ:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով և կարգով ստանալու Պաշտպանի աջակցությունը: Նշված Սահմանադրական դրույթի ամրագրումը ժողովրդավարական կարգ ունեցող պետությունների Սահմանադրություններին:

Մեկ այլ դրույթ` 83.1 հոդվածն ամրագրում է Պաշտպանի ինստիտուտի իրավական վիճակը և նրա գործունեության շրջանակները: Համաձայն այդ հոդվածի, Ազգային Ժողովը Պաշտպանին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով` 6 տարի ժամկետով: Պաշտպան կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձը, որը համապատասխանում է պատգամավորին ներկայացվող պահանջներին:

Հոդվածի հիշատակված մասը, մեր կարծիքով, ունի որոշակի թերություններ, և գտնում ենք, որ պարտադիր պայման պետք է լիներ նաև իրավաբանական բարձրագույն կրթությունը կամ գոնե մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում որոշակի աշխատանքային փորձի առկայությունը:

Բացի այդ, արտասահմանյան երկրների փորձը ցույց է տալիս, որ այդ երկրներում օմբուդսման ընտրվելու (նշանակվելու) տարիքային ցենզ է սահմանվում սկսած 35 տարեկանից , ինչը կարծում ենք, առավել ողջամիտ կարոգավորում է, քանի որ նման պահանջն ըստ էության առավել պատկերավոր է դարձնում մարդու և քաղաքացու մասնակցությամբ առաջացող հասարակական հարաբերությունների էությունն ու նշանակությունը:

Իսկ օրինակ Իռլանդիայում օմբուդսմանի պաշտոնին առաջին անգամ նշանակված անձի տարիքը 61-ից բարձր չպետք է լինի:

Նույնիսկ որոշ պետություններում սահմանված է տարիքային ցենզ, որը լրանալուց հետո, օմբուդսմանի լիազորությունները դադարում են (Իռլանդիա, Դանիա):

Բացի այդ, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դրույթը հիշատակում է Պաշտպանի անկախությունը, անփոփոխելիությունն ու անձեռնմխելիությունը: Իսկ ահա գործունեության այլ երաշխիքները թողնված են օրենքին:

Այդուամենայնիվ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ օրենք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2003 թվականի հոկտեմբերի 21-ին:

Դրանով հանդերձ, մինչ Սահմանադրությունում 2005 թվականի նոյեմբերի 27-ին կատարված փոփոխությունները օրենքի որոշ դրույթներ առաջ են բերել նույնիսկ անցանկալի հետևանքներ:
Օրենքում, մասնավորապես, նշվում է, թե ով է Պաշտպանը, ինչ պայմաններ են անհրաժեշտ վերջինիս բնականոն գործունեությունն ապահովելու համար, ինչ չափանիշներ են անհրաժեշտ Պաշտպանի պաշտոնը զբաղեցնելու համար, որ հարցերին առընչվող բողոքներն են ենթակա նրա քննարկմանը և այլն:

Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պարբերության համաձայն, առաջին Պաշտպանի պաշտոնավարման ժամկետը լրանում է նշված սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո` 30-րդ օրը:

Փաստորեն, Սահմանադրական փոփոխությունների ուժի մտնելու ժամկետը հաշվարկելիս ՀՀ Պաշտպանի լիազորությունները պետք է դադարեին 2006 թվականի հունվարի 5-ին: Իսկ քանի որ ԱԺ-ի պատգամավորները գտնվում էին ձմեռային արձակուրդում, հետևաբար նոր Պաշտպան նշանակելու հարցը մնում էր չլուծված, քանի որ օրենքը որևէ ձևով չի ամրագրել, թե մինչև նոր Պաշտպանի ընտրվելը, արդյոք նախկին Պաշտպանը կարող է պաշտոնավարել:

Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն, Պաշտպանն իրավունք ունի ներկա լինել ՀՀ Կառավարության, ԱԺ նիստերին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, մինչդեռ համապատասխան ոլորտների գործընթացները կարգավորող իրավական ակտերում շուրջ երկու տարի փոփոխություններ չէին կատարվել:

Այս ամենի համատեքստում կարելի է նշել, որ համապատասխան սահմանադրական նորմերի բացակայության կամ մասնակի առկայության պայմաններում Պաշտպանի ինստիտուտը չի կարող համարվել կայացած:
Իսկ դա էլ ունի իր հիմնավորումն այն տեսանկյունից, որ ժողովրդավարական ինստիտուտները, գտնվելով ձևավորման փուլում, իհարկե չեն կարող հստակ լինել ո՛չ նրանց լիազորությունների, և ո՛չ էլ կառուցվածքի առումով: Սակայն Պաշտպանի հաստատությունը, հետագայում կարողացավ իրեն դրսևորել որպես իրավական պետության կայացման կարևորագույն գործոն:

Մեր կողմից կատարված ուսումնասիրության հիման վրա կարծում ենք՝ լիազորությունների ամրագրման իմաստով ՀՀ-ում օմբուդսմանի կամ Պաշտպանի գործունեության հիմնական ուղղություններ պետք է հանդիսանան՝

• խթանել և պաշտպանել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված մարդու իրավունքներն ու ազատությունները և դրանց երաշխիքները.
• ՀՀ-ի համար առաջարկել որոշակի քաղաքականություն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ստեղծել համակարգային կառուցակարգեր` ապահովելու համար նշված քաղաքականության ամբողջական իրագործումը.
• նպաստել Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկման բարձրացմանը, դրանց մասին պատկերացումների հաստատմանը և դրանց հանրային քննարկման ծավալմանը.
• վերանայել օրենքները և օրենքների նախագծերը` պարզելու դրանում ներառնված դրույթների հակասականությունը մարդու իրավունքներին (ընդ որում, ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի հրամանագրի հիման վրա ՀՀ Կառավարության կողմից ՀՀ ԱԺ ներկայացվող օրենքների նախագծերի վերաբերյալ պետք է առկա լինի նաև Պաշտպանի եզրակացությունը).
• իրականացնել գիտահետազոտական, կրթական և այլ ծրագրեր Հայաստանում մարդու իրավունքների խթանման ուղղությամբ, և դրանք համակարգել Պաշտպանի կամ ՀՀ անունից հանդես եկող այլ իրավասու մարմինների կողմից իրականացվող նմանաբնույթ ծրագրերի հետ.
• խորհրդափոխանակության և տեղեկությունների փոխանակման նպատակով անընդհատ կապ պահպանել մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ազգային և միջազգային կառավարական, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների և մարմինների հետ:

Հեղինակը՝ Ռուբեն Մարտիրոսյանը հանդիսանում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման բաժնի ղեկավարը

Օգտագործված գրականություն

Альваро Хилль – Роблес. Парламентский контроль за администрацией /институт омбудсмана/. М., 1997; На пути к региональному Уполномоченному по правамн человека. М., 2000; Национальные омбудмены. Свод правовых положений / по состоянию на 01.01.1998/, Варшава, 1999; Бойцова В.В. Польский омбудсман. Успешный эксперимент. – “Конституционнеое право зарубежных стран, N 2, 2001, С. 45-48”; Павловска Даниева А. Омбудсман как особый вид контроля органами управления. – “Вестник Моск. ун-та, серия 11, Право, 2001, N 3, С. 105-110 ”.

Кузьминых Наталя Витальевна, Институт Уполномоченного по правам человека (Омбудсмана) в странах содружества независимых государств (СНГ); Дисс. на соискание степени кандитата юридических наук, М; 2005, С.17

Վ. Այվազյան, Մարդու իրավունքներ, /դասագիրք բուհերի համար/, երկրորդ լրամշակված հրատարակություն, խմբ. պրոֆ. Ն. Այվազյան, Երևան 2007, էջ 304

Заворотнюк Н.Ю., Институт омбудсмана в системе гарантий защиты прав граждан; Дисс….канд. юрид. наук, М; 2006, С. 21

Комарова В.В. Уполномоченный по правам человека в Российской Федерации. //Государство и право.-1999.-И9, С. 21; Мегаполис Экспресс.-13 сентября 1999 года, Советская Россия.-24 ноября 1990 года, Российская газета, 19 апреля 1991 года-проект Конституции РФ

Ռ.Ջ. Մախմուդյան, Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանի Հանրապետության պետական մարմինների համակարգում: Ատենախոսություն իրավ. գիտ. թեկնածուի գիտական աստիճանի հայցման, Երևան, 2008, 62-73 էջեր

Մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմեն) ազգային հաստատությունները: (Սահմանադրական և օրենսդրական ակտերի ժողովածու), Երևան 2005թ., էջ 65

Кузьминых Наталя Витальевна, Институт Уполномоченного по правам человека (Омбудсмана) в странах содружества независимых государств (СНГ), Дисс. на соискание степени кандитата юридических наук, М, 2005, С. 29

 

Նորություններ

Հվ.Կորեայում MERS վիրուսի տարածմանը նպաստել են բժիշկները. ԱՀԿ

Կորեացի բժիշկները, որոնք ծանոթ չեն եղել MERS կորոնավիրուսին, նպաստել են հիվանդության տարածմանը: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում:

Բացի այդ, Սեուլի հիվանդանոցների շատ հիվանդասենյակներ լեփլեցուն են եղել,…

կարդալ

Հայաստանում սրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը բարձր է

Հայաստանում հիվանդացության ու մահացության հիմնական պատճառները սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը և շաքարային դիաբետն են, որոնց հաղթահարման ուղղությամբ արդեն իսկ մշակվել և իրականացվում են ռազմավարական ծրագրեր։ Այս մասին նշել է Հայաստանում է գտնվում Առողջապահության…

կարդալ

Վերջին 15 տարիների ընթացքում անպտղությունը նվազել է 2-2,5 անգամ. Գայանե…

Վերարտադրողական բժշկությունն ամբողջ աշխարհում դիտվում է ոչ միայն որպես բժշկական, այլև ռազմավարական խնդիր, ուստի վերարտադրողական առողջության հիմնախնդիրները գտնվում են ՀՀ կառավարության և առողջապահության ուշադրության կենտրոնում:

Սրանով է պայմանավորված նաև ՀՀ կառավարության…

կարդալ



Իրադարձություններ

“Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս” թեմայով դասընթացի հրավեր

“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը կկայանա սույն թվականի հունիսի 9-ին, ժամը՝ 13:00-ին, ԵՊՀ իրավագիտության…

կարդալ

Քննարկում “Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը” թեմայով

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնը կազմակերպում է սեմինար-քննարկում <ՙ<Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը>> թեմայով:

Վեջինս տեղի կունենա սույն թվականի մարտի 6-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի…

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.04 2010-ի N 643-Ն որոշումը փոփոխություններ է կատարում 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ:

Բառարան


Հայկական բժշկական ասոցիացիան բոլոր գործընկերների ուշադրությանն է ներկայացրել իր անդամների կողմից մշակվող «Բժշկական էթիկայի կանոնագրքի» նախնական տարբերակը:…

Անցուդարձ


“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137