Հղիների և ծննդաբերողների ուղեգրման…
Առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ առողջապահության ոլորտում Ձեր իրավունքների մասին:
Մենք տրամադրում ենք օգտակար տեղեկություններ բժիշկների, պաշտոնյաների, իրավաբանների, հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են առողջապահական իրավունքով եւ բիոէթիկայով:
Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1989 թվականի նոյեմբերի 20-ի 44/25 բանաձեւով եւ բաց է ստորագրման, վավերացման եւ միանալու համար, ուժի մեջ է մտել 1990 թվականի սեպտեմբերի 2-ին` համաձայն 49-րդ հոդվածի
Գլխավոր ասամբլեան`
վկայակոչելով իր նախորդ բանաձևերը, նախ և առաջ 1978 թվականի դեկտեմբերի 20-ի 33/166 և 1988 թվականի դեկտեմբերի 8-ի 43/112 բանաձևերը, ինչպես նաև Մարդու իրավունքների հանձնաժողովի և Տնտեսական ու սոցիալական խորհրդի բանաձևերը երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի հարցի վերաբերյալ,
ի գիտություն ընդունելով մասնավորապես Մարդու իրավունքների հանձնաժողովի 1989 թվականի մարտի 8-ի (1) 1989/57 բանաձևը, որով Հանձնաժողովը որոշել էր երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի նախագիծը Տնտեսական ու սոցիալական խորհրդի միջոցով ուղարկել Գլխավոր ասամբլեա, և Տնտեսական ու սոցիալական խորհրդի 1989 թվականի մայիսի 24-ի 1989/79 բանաձևը,
կրկին հաստատելով, որ երեխայի իրավունքները պահանջում են հատուկ պաշտպանություն և երեխաների դրության մշտական բարելավում ողջ աշխարհում, ինչպես նաև նրանց զարգացում ու դաստիարակություն խաղաղ ու ապահով պայմաններում,
խորապես անհանգստացած լինելով նրանով, որ աշխարհի շատ երկրներում երեխաների դրությունը ճգնաժամային է անհամազոր սոցիալական պայմանների, տարերային աղետների, զինված հակամարտությունների, շահագործման, անգրագիտության, սովի ու հիվանդությունների հետևանքով` ազգային ու միջազգային մակարդակներով,
գիտակցելով Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի և Միավորված ազգերի կազմակերպության կարևոր դերը երեխաների բարեկեցության բարձրացմանն ու նրանց զարգացմանը նպաստելու գործում,
համոզված լինելով, որ երեխայի իրավունքների մասին միջազգային կոնվենցիան դրական ներդրում կլինի երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց բարեկեցության ապահովման գործում` որպես մարդու իրավունքների բնագավառում Միավորված ազգերի կազմակերպության նվաճումների օրինակի արժանավայել ընդօրինակում,
ուշադրության առնելով այն հանգամանքը, որ 1989 թվականին լրանում է Երեխայի իրավունքների հռչակագրի (2) երեսուներորդ տարեդարձը և երեխայի միջազգային տարվա տասներորդ տարեդարձը,
երախտագիտություն է հայտնում Մարդու իրավունքների հանձնաժողովին Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի նախագծի մշակումն ավարտելու առթիվ,
ընդունում է ստորագրման, վավերացման ու միանալու համար բացում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, որ բովանդակում է սույն բանաձևի հավելվածը,
կոչ է անում բոլոր անդամ պետություններին առաջնահերթ կարգով քննարկել Կոնվենցիայի ստորագրման, վավերացման կամ նրան միանալու հարցը և հույս է հայտնում, որ մոտ ժամանակներս այն ուժի մեջ կմտնի,
խնդրում է Գլխավոր քարտուղարին բոլոր անհրաժեշտ միջոցներն ապահովել և նպաստել Կոնվենցիայի մասին տեղեկատվության տարածմանը,
Միավորված ազգերի կազմակերպության հիմնարկներին ու կազմակերպություններին, ինչպես նաև միջկառավարական ու ոչ կառավարական կազմակերպություններին առաջարկում է աշխուժացնել իրենց ջանքերը Կոնվենցիայի մասին տեղեկատվություն տարածելու և նրա ավելի խոր ըմբռնմանը նպաստելու նպատակով,
խնդրում է Գլխավոր քարտուղարին Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի վիճակի վերաբերյալ զեկուցում ներկայացնել Գլխավոր ասամբլեային նրա քառասունհինգերորդ նստաշրջանում,
որոշում է իր քառասունհինգերորդ նստաշրջանում գլխավոր քարտուղարի զեկուցումը քննարկել «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի իրագործումը» վերնագրով կետի տակ:
61-րդ լիագումար նիստ,
20 նոյեմբերի, 1989 թվական
Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն