Առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ առողջապահության ոլորտում Ձեր իրավունքների մասին:
Մենք տրամադրում ենք օգտակար տեղեկություններ բժիշկների, պաշտոնյաների, իրավաբանների, հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են առողջապահական իրավունքով եւ բիոէթիկայով:

Սույն օրենքը սահմանում է արհեստակցական միությունների հիմնադրման կարգը, նրանց գործունեության սկզբունքները եւ հարաբերությունները պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ, ինչպես նաեւ կարգավորում է արհեստակցական միությունների եւ նրանց մասնակիցների (անդամների) իրավունքների ու շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները: Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գործող արհեստակցական միությունների վրա:
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
արհեստակցական միություն՝ արհեստակցական կազմակերպություն կամ արհեստակցական կազմակերպությունների միություն.
արհեստակցական կազմակերպություն` հասարակական միավորում, որն օրենքով սահմանված կարգով եւ ազատ կամքի դրսեւորումով միավորում է տվյալ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին` իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.
արհեստակցական կազմակերպությունների միություն` իրավաբանական անձանց միություն, որն օրենքով սահմանված կարգով միավորում է երկու եւ ավելի արհեստակցական կազմակերպությունների` աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական եւ սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.
արհեստակցական կազմակերպությունների տարածքային միություն` իրավաբանական անձանց միություն, որը միավորում է որոշակի տարածքում (մարզում կամ քաղաքում կամ որեւէ առանձնահատկությամբ առանձնացված տարածքում) գործող արհեստակցական միությունների կեսից ավելիին, որոնց անդամագրված են տվյալ տարածքի առավելագույն թվով աշխատողներ` տվյալ տարածքի գործատուների միության, տեղական ինքնակառավարման եւ պետական կառավարման տարածքային մարմինների հետ փոխհարաբերություններում աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական եւ սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.
արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն` իրավաբանական անձանց միություն, որը միավորում է տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) գործող արհեստակցական միությունների կեսից ավելիին, որոնց անդամագրված են տվյալ ճյուղի առավելագույն թվով աշխատողներ` գործատուների համապատասխան ճյուղային միությունում, տեղական ինքնակառավարման եւ պետական կառավարման հանրապետական մարմիններում տնտեսության տվյալ ճյուղի աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական եւ սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.
արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միություն` իրավաբանական անձանց միություն, որը միավորում է արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունների կեսից ավելիին, որոնց անդամագրված են հանրապետությունում գործող արհեստակցական միությունների առավելագույն թվով անդամներ, իսկ անդամ կազմակերպությունները միավորում են առավելագույն թվով աշխատողների` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ գործատուների հանրապետական միության հետ փոխհարաբերություններում աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական եւ սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.
գործատու` աշխատանքային պայմանագրի հիման վրա եւ (կամ) օրենքով սահմանված կարգով քաղաքացիների աշխատանքն օգտագործող աշխատանքային իրավունակություն եւ գործունակություն ունեցող իրավաբանական անձ` անկախ կազմակերպական-իրավական եւ սեփականության ձեւից, գործունեության բնույթից եւ տեսակից, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված դեպքերում աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք ունեցող այլ սուբյեկտ (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, հիմնարկ, առանձնացված ստորաբաժանում եւ այլն): Գործատու կարող է լինել նաեւ յուրաքանչյուր քաղաքացի.
աշխատող՝ օրենքով աշխատելու իրավունք ունեցող ֆիզիկական անձ, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք է կատարում գործատուի մոտ.
արհեստակցական միության մասնակից (անդամ) ` անձ, որը կամավորության սկզբունքով մասնակից է դարձել (անդամագրվել է) արհեստակցական միությանը` վերջինիս կանոնադրության համաձայն:
Արհեստակցական միության գործունեության հիմնական սկզբունքներն են`
ա) պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից, քաղաքական, հասարակական եւ այլ կազմակերպություններից անկախությունը.
բ) արհեստակցական միություններին մասնակցելու (անդամակցելու) կամավորությունը.
գ) արհեստակցական միությունների իրավահավասարությունը.
դ) աշխատողի իրավունքների սահմանափակում թույլ չտալը` կապված նրա` արհեստակցական միության մասնակից (անդամ) լինելու հանգամանքի հետ:
Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն