2. Օրական և շաբաթական աշխատանքային ժամերի ողջամիտ տևողության իրավունք
ՀՆԱՐԱՎՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ
- Բժիշկը շարունակաբար աշխատում է շաբաթական 100 ժամ, այդ թվում` երբեմն 18 ժամյա հերթափոխով:
- Բուժքույրը հարկադրված է լրացուցիչ ժամեր աշխատել առանց նախնական համաձայնության:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՍԽ 2-րդ հոդվածի 1-ին մաս. աշխատանքի արդար պայմանների իրավունքի ապահովմանն ուղղված ողջամիտ աշխատանքային ժամեր.
Աշխատանքի արդար պայմանների իրավունքի արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են, որ օրական և շաբաթական աշխատանքային ժամերի բանական տևողությունն ապահովելու համար աշխատանքային շաբաթը պետք է աստիճանաբար կրճատվի այն չափով, որը թույլատրվում է արտադրական աճով և այլ համապատասխան գործոններով:
- ԵՍԽ 2-րդ հոդվածի 1-ին մասը երաշխավորում է աշխատողների` օրական և շաբաթական աշխատանքային ժամերի ողջամիտ սահմանափակման իրավունքը` ներառյալ հավելյալ աշխատաժամերը: Այս իրավունքը պետք է երաշխավորված լինի օրենսդրությամբ, կանոնակարգերով, կոլեկտիվ համաձայնագրերով կամ ցանկացած այլ պարտադիր գործիքներով: Համապատասխան պաշտոնյաները պետք է հետևեն, որպեսզի աշխատանքային ժամերի սահմանափակումը պահպանվի [307]:
- ԵՍԽ-ն հստակ չի սահմանում, թե ինչն է կազմում ողջամիտ աշխատաժամանակը: Ուստի, ՍԻԵԿ-ը գնահատում է իրադրությունը «գործ առ գործ» սկզբունքով. այսպես, չափազանց երկար աշխատանքային օրը, ինչպիսին է, օրինակ, մեկ օրում ավելի քան 16 ժամը [308], կամ որոշակի պայմանների առկայության դեպքում մեկ շաբաթում ավելի քան 60 ժամը [309] ողջամիտ չեն, ուստի հակասում են ԵՍԽ-ին:
- Հավելյալ աշխատանքային ժամերը չպետք է պարզապես թողնվեն գործատուի կամ աշխատողի հայեցողությանը: Հավելյալ աշխատաժամի պատճառներն ու տևողությունը ենթակա են իրավական կարգավորման [310]:
- 2-րդ հոդվածի 1-ին մասը նաև նախատեսում է շաբաթական աշխատանքային ժամերի աստիճանական նվազեցում այնքանով, որքանով արդյունավետության մեծացման ու համապատասխան այլ գործոնները դա թույլ են տալիս: «Համապատասխան այլ գործոնները» կարող են լինել աշխատանքի բնույթը և անվտանգությունն ու առողջական վտանգները, որոնց ենթարկվում են աշխատողները [311]:
- «Կանչով» աշխատանքի ժամանակահատվածները, որոնց ընթացքում աշխատողից չի պահանջվում աշխատանք կատարել գործատուի համար, չի կարող ԵՍԽ 2-րդ հոդվածի նշանակությամբ համարվել արձակուրդի շրջան, չնայած դրանք իրենցից արդյունավետ աշխատաժամեր չեն ներկայացնում: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ տվյալ աշխատանքն իրականացվում է յուրահատուկ մասնագիտական կամ առանձին պայմանների շրջանակներում և ենթակա է համապատասխան ընթացակարգի: Արդյունավետ աշխատանքի բացակայությունը չի կարող դիտարկվել որպես բավարար չափանիշ տվյալ ժամանակահատվածն արձակուրդային համարելու համար [312]:
...
307. Տե՛ս, Եզրահանգումներ I, 2-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանություն, էջ 169:
308. Տե՛ս, Եզրահանգումներ XIV-2, Նորվեգիա, էջ 578:
309. Տե՛ս, Եզրահանգումներ XIV-2, Նիդերլանդներ, 535-536 էջեր:
310. Տե՛ս, Եզրահանգումներ XIV-2, 2-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանություն, էջ 32:
311. Տե՛ս, Եզրահանգումներ XIV-2, 2-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանություն , էջ 32:
312. Տե՛ս,
Confédération Française de l՛Encadrement CFE-CGC-ն ընդդեմ Ֆրանսիայի, գանգատ N 16/2003, 2004 թվականի հոկտեմբերի 12-ի վճիռ, 50-53 կետեր:
...
Ձեր մեկնաբանությունը
[ + Մեկնաբանել + ]
Մեկնաբանություններ դեռ չեն ստացվել: [ + + + ]
Ձեր մեկնաբանությունը կերեւա խմբագրի կողմից հաստատվելուց հետո: