Առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ առողջապահության ոլորտում Ձեր իրավունքների մասին:
Մենք տրամադրում ենք օգտակար տեղեկություններ բժիշկների, պաշտոնյաների, իրավաբանների, հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են առողջապահական իրավունքով եւ բիոէթիկայով:
Դուք այս էջում եք՝ HealthRights.am > Գործնական ուղեցույց - - Գլուխ 6. ՊԱՑԻԵՆՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Յուրաքանչյուր անհատ իրավունք ունի ստանալ անհրաժեշտ բուժումը սեղմ և նախօրոք որոշված ժամկետում: Այս իրավունքը գործում է բուժման յուրաքանչյուր փուլում»:
Հայաստանի Հանրապետությունում նշված իրավունքին վերաբերող որևէ ուղղակի կարգավորում գոյություն չունի:
ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշմամբ հաստատվել է բուժհաստատություններում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման կարգը: Մասնավորապես նշվում է, որ ամսական կտրվածքով բժշկական հաստատության բյուջեի սպառման դեպքում (խոսքը պետական պատվերի շրջանակներում կնքված պայմանագրի ամսական բյուջեի մասին է), բժշկական կազմակերպությունը հիվանդների հոսպիտալիզացիան իրականացնում է պլանային կարգով, հերթագրման եղանակով: Միևնույն ժամանակ նույն կարգով սահմանվում են այն դեպքերը, երբ չի թույլատրվում կազմակերպել հերթագրման կարգով բուժումը: Այդ դեպքերն են`
• սոցիալական հատուկ կարևորություն ունեցող հիվանդությունները,
• շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունները,
• ծննդօգնություն,
• 0-7 տարեկան երեխաների բուժօգնություն,
• անհետաձգելի վիճակների բուժօգնություն:
Նշվածից հետևում է, որ անհետաձգելի դեպքերում ապահովված է անձի` բուժօգնություն ստանալու հասանելիությունը և իրավունքը: Բացի դրանից` կարգի 4-րդ կետով ամրագրված է, որ
«4. Հիվանդների հերթագրման դեպքում բժշկական կազմակերպությունը հիվանդներին ապահովում է անվճար բժշկական (մասնագիտական) և դեղորայքային բուժման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվությամբ»:
Կարգի 5-րդ կետի համաձայն.
«Հիվանդները մինչև հերթագրմամբ բուժօգնություն ստանալու ժամկետը անվճար բուժօգնություն կարող են ստանալ պետական պատվեր իրականացնող այլ հիվանդանոցային բուժհաստատություններում և տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում»:
Սրանով ամրագրվում է Պացիենտների իրավունքների եվրոպական խարտիայում ամրագրված, այլ բուժհաստատություն դիմելու հնարավորության ապահովման իրավունքը:
Կարգի 8-րդ կետի համաձայն`
«Հիվանդների հոսպիտալացման նպատակով հերթագրումը կատարվում է ըստ դիմելիության ժամկետների, որի վերաբերյալ հիվանդներին տրվում է բժշկական կազմակերպության կնիքով հերթագրման թերթիկ և կատարվում է գրառում անվճար բժշկական օգնության իրավունք ունեցող հիվանդների հերթագրման մատյանում»:
Նշվածով երաշխավորվում է Պացիենտների իրավունքների եվրոպական խարտիայում ամրագրված անհապաղ հաշվառման իրավունքը: Կարգի 9-րդ և 10-րդ կետերին համապատասխան` հերթագրված հիվանդների բուժման ժամանակացույցը (հերթը) կարող է փոփոխվել, և ելնելով միայն հիվանդի վիճակից` համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում հիվանդը կարող է արտահերթ հոսպիտալացվել:
Կարգի 10-րդ կետի համաձայն`
«Ելնելով հիվանդի վիճակից` արտահերթ հոսպիտալացման որոշումն ընդունվում է հանձնաժողովի կողմից` անհրաժեշտ մասնագետների մասնակցությամբ: Հանձնաժողովի որոշումը վավերացվում է առնվազն 3 բժիշկ-մասնագետի ստորագրությամբ` համապատասխան նշում կատարելով հերթագրման մատյանում»:
Կարգի 11-րդ կետի համաձայն`
հերթագրված հիվանդների հոսպիտալացումը կատարվում է հիվանդանոցի հրավերի (գրավոր կամ հեռախոսակապով) հիման վրա: Կարգի նշված դրույթը երաշխավորում է հերթագրման դեպքում հիվանդի` բուժօգնություն ստանալու իրավունքը:
Կարգի 12-րդ կետի համաձայն`
բժշկական կազմակերպությունը բնակչությանն ապահովում է հիվանդների հոսպիտալացման հերթագրման կարգի, հերթագրման հանձնաժողովի գործունեության կարգի և կազմի, հերթագրման ցուցակների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ` փակցնելով դրանք բժշկական կազմակերպության ընդունարանում` տեսանելի վայրում:
Կարգի 13-րդ կետի համաձայն`
«Եռամսյակային բյուջեի սպառման ժամկետի մասին բնակչության իրազեկումը պարտադիր է, որի վերաբերյալ հայտարարությունը ստորագրվում և կնքվում է բուժհաստատության ղեկավարի կողմից և փակցվում բժշկական կազմակերպության ընդունարանում` դիմողների համար տեսանելի տեղում»:
Կարգի նշված կետերը երաշխավորում են հիվանդի` հերթագրման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Կարգի 14-րդ կետի համաձայն`
«Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող հերթագրված կամ հերթագրման ենթակա հիվանդներին հերթագրման կարգից դուրս արտահերթ բուժօգնությունն իրականացվում է տվյալ բժշկական կազմակերպությունում հաստատված ընդհանուր հիմունքներով»:
Սա նշանակում է, որ հերթագրման կարգից դուրս բուժում ստանալու ցանկություն ունեցող անձը կարող է բուժում ստանալ վճարովի հիմունքներով:
• Պետք է ընդգծել, որ պացիենտի ժամանակը հարգելու իրավունքը պատշաճ և ամբողջական ձևով չի ամրագրվել ՀՀ օրենսդրության մեջ, քանի որ այն ամրագրված է միայն պետական պատվերի շրջանակներում բուժվող հիվանդների համար:
Թեև Հայաստանի Հանրապետությունը էթիակայի կանոնագիրք չի ընդունել, Համաշխարհային բժշկական ընկերակցության (ՀԲԸ)` էթիկային վերաբերող փաստաթղթերը սահմանում են երաշխիքներ բժիշկների համար (տե՛ս վերը նշված թիվ 1 իրավունքը, մաս «դ»): ՀԲԸ Բժշկական էթիկայի միջազգային կանոնագիրքը սահմանում է, որ բժիշկները պետք է իրենց պացիենտների նկատմամբ պահպանեն ամբողջական չեզոքություն և օգտագործեն նրանց նկատմամբ կիրառելի բոլոր գիտական միջոցները: Եթե հետազոտությունը կամ բուժումը բժշկի գիտելիքներից դուրս են, նա պետք է այլ բժշկի հետ կամ դիմի այլ բժշկի, ով ունի անհրաժեշտ գիտելիքներ և փորձ, ինչպես նաև պետք է հարգի պացիենտի ժամանակը:
Քաղաքացի Ա-ն դիմել է բժշկական հաստատություն` վերականգնողական բուժում ստանալու նպատակով: Վերջինիս հետազոտել են և հայտնել, որ իր բուժումն անհետաձգելի չէ, և որ տվյալ եռամսյակում չեն կարող իրեն պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն տրամադրել, քանի որ սպառվել են տվյալ եռամսյակի համար նախատեսված պետական միջոցները: Առաջարկել են հերթագրվել կամ բուժօգնությունը ստանալ վճարովի հիմունքներով: Քաղաքացին ընտրել է հերթագրվելու տարբերակը: Վերջինիս հերթագրել են բուժհաստատությունում, տվել հերթագրման կտրոն: 1,5 ամիս անց քաղաքացուն զանգահարել են բժշկական հաստատությունից, և քաղաքացին ստացել է վերականգնողական բուժօգնության անվճար ծառայություններ (հիպոթետիկ գործ):
Քաղաքացի Բ-ն, դիմելով ՀՀ առողջապահության նախարարին, հայտնել է, որ հերթագրվել է բժշկական կենտրոնում` աչքի վիրահատությունը պետական պատվերի շրջանակներում իրականացնելու համար: Իրեն հերթագրել են, քանի որ դեպքն անհետաձգելի չի եղել: Մեկ ամիս անց զանգահարել է, սակայն բժշկական կենտրոնից նրան ասել են, որ պետք է սպասի մինչև իրենք կզանգահարեն և կկանչեն նրան: Ութ ամիս անց հիվանդը զանգահարել է բժշկական հաստատություն, և նրան ասել են, որ իր հերթն անցել է: Առողջապահության նախարարին դիմելուց հետո նրա խնդիրը վեր է հանվել և իրավունքները վերականգնվել են` Առողջապահության նախարարին բողոք ներկայացնելու հատուկ ընթացակարգի շնորհիվ (հայտնվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից):
Քանի որ իրավունքի այս ոլորտը դեռ գտնվում է զարգացման փուլում, այս բաժնի համար իրական դեպքերի օրինակներ չկան: Ընթերցողները սույն ուղեցույցի հետագա խմբագրության նկատակով կարող են առաջարկել իրական դեպքերի օրինակներ` դրանք ուղարկելով հետևյալ հասցեով. info[at]healthrights.am:
• Անհրաժեշտ է ներկայացնել ապացույցներ, որ կոնկրետ բուժման համար սպասելու ժամանակը եղել է չափազանց երկար, որի համար պետք է դիմել բժշկական փորձագիտական եզրակացության:
• Անհրաժեշտ է գնահատել չափից դուրս երկար սպասելաժամանակի ազդեցությունը` ինչպիսի վնաս (ժամանակավոր, թե մշտական) է հասցվել:
• Անհրաժեշտ է կենտրոնանալ հետևյալ հարցերի վրա. արդյոք ուշացումը եղել է պետության դիտավորյալ կամ անզգույշ գործողությունների կամ էլ սահմանափակ միջոցների արդյունք, արդյոք պետությունն արել է այն ամենը, ինչ ողջամտորեն կարող էր անել կոնկրետ իրավիճակում (հստակ հավասարակշռությունը փոփոխության կենթարկվի` կախված իրավիճակի լրջությունից):
• Երբ պացիենտի իրավունքները խախտվեն` կապված սպասելու ժամանակի հետ, նրան պետք է ի սկզբանե խորհուրդ տրվի անձամբ կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմել ՀՀ առողջապահության նախարարություն` իրավունքները վերականգնելու խնդրանքով, քանի որ պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցելու պայմանագիրը կնքվում է ՀՀ առողջապահության նախարարության և բուժհաստատության միջև, և նախարարությունը` որպես պատվիրատու, իրավասու է բուժհաստատությունից` Կատարողից, պահանջել պատշաճ ձևով կատարել պայմանագրով իր ստանձնած պարտավորությունները:Կառավարության կողմից հաստատված կարգով սահմանվում են այն դեպքերը, որոնք հերթագրման կարգով բուժում չեն թույլատրում: Բացի այդ, գրանցված լինելու դեպքում հերթագրման փաստը հավաստող հիմք` պետք է պարտադիր պահանջել և պահել բժշկական կազմակերպության կնիքով հաստատված հերթագրման թերթիկը:
Պացիենտների իրավունքների եվրոպական խարտիա - Պացիենտի ժամանակը հարգելու իրավունք
Մարդու իրավունքները պացիենտի խնամքի ոլորտում - Առողջության իրավունք
[ + Մեկնաբանել + ]
Մեկնաբանություններ դեռ չեն ստացվել: [ + + + ]
Ձեր մեկնաբանությունը կերեւա խմբագրի կողմից հաստատվելուց հետո:
Գլուխ 1. Ներածություն
Գլուխ 2. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների միջազգային ոլորտը
Գլուխ 3. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների տարածաշրջանային ոլորտը
Գլուխ 4. Միջազգային և տարածաշրջանային ընթացակարգեր
Գլուխ 5. Հայաստանին վերաբերող առանձնահատուկ նկատառումներ
Գլուխ 6. Պացիենտի իրավունքները Հայաստանում
Գլուխ 7. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները և պարտականությունները
Գլուխ 8. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները եւ պարտականությունները
Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն