Կայքի թարմացումը` 16-12-2014 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Վարչական վարույթ

Ինչպե՞ս պետք է կազմվի խախտված իրավունքները վերականգնելու կամ իրավունքների պաշտպանության վերաբերյալ պետական մարմիններին հասցեագրած դիմումը

Անձը, որի իրավունքները խախտվել են, իրավասու է ՀՀ Սահմանադրության 27.1-րդ հոդվածի համաձայն դիմել իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց` իր իրավունքները պաշտպանելու խնդրանքով: Անձը այս դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին պետք է ներկայացնի համապատասխան դիմում կամ առաջարկություն: 

Դիմումին ներկայացվող պահանջները սահմանված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` վարչական օրենք) 31-րդ հոդվածով: Մասնավորապես, սահմանված է, որ նախ Վարչական մարմին դիմումը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի`

ա) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.
բ) դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը).
գ) վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.
դ) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա).
ե) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են).
զ) դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
է) դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավաuու պաշտոնատար անձի ստորագրությունը և իրավաբանական անձի կնիքը:

Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր:

Ի՞նչ հետևանքներ կառաջանան, եթե դիմումում լինեն սխալներ կան անճշտություններ

Պացիենտի իրավունքների խախտումների վերաբերյալ գործերը արդյունավետ լուծելու նպատակով անհրաժեշտ է, որ դիմումը համպատասխանի վարչական օրենքի 31-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Այդուհանդերձ, օրենքը որոշակի երաշխիքներ է սահմանել համար դիմումի մեջ ոչ էական խախտումներ և(կամ) անճշտություններ թույլ տալու դեպքում: Մասնավորապես, վարչական օրենքի 32-րդ հոդվածում սահմանված է, որ եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա վարչական մարմինը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա վարչական մարմինը դիմողին առաջարկում է սահմանված ժամկետում համալրել այդ ցանկը:

Ո՞ր վարչական մարմին պետք է ներկայացվի պացիենտի դիմումը

Պացիենտի իրավունքները պաշտպանելու կամ խախտված իրավունքները վերականգնելու դիմում ներկայացնելիս կարևոր է, որ դիմումը ներկայացվի իրավասու վարչական մարմին: Այս պարագայում անհրաժեշտ է նշել այն մարմիններին, որոնք իրավասու են զբաղվել պացիենտի իրավունքների պաշտպանությամբ կամ խախտված իրավունքների վերականգնմամբ: Այդ նպատակով հարկ է նշել, որ ՀՀ տարածքում գտնվող բժշկական հաստատությունները տարանջատվում են ըստ հետևյալ տեսակների.

1. 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններ, որոնք իրենց հերթին լինում են
• ա. Առողջապահության նախարարության ենթակայության.
• բ. Մարզպետարանների ենթակայության
2. համայնքային ենթակայության
3. մասնավոր առողջապահական ընկերություններ (սրանց վրա նկարագրված ընթացակարգը չի տարածվում, սակայն վերջիններիս գործողությունները կարող են բողոքարկվել նրանց նկատմամբ հսկողություն իրականացնող մարչական մարմիններին):

Յուրաքանչյուր առողջապահական կազմակերպության մուտքի մոտ սովորաբար նշվում է վերջինիս ենթակայությունը (օրինակ` ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» կամ Տավուշի մարզպետարանի «Դիլիջանի բժշկական կենտրոն»): Նշվածի հիման վրա պացիենտը նախ կարող է իր իրավունքների պաշտպանության համար դիմել տվյալ բժշկական հաստատության վերադաս մարմին` ՀՀ առողջապահության նախարարություն, համապատասխան մարզպետարան կամ համապատասխան համայնքի ղեկավարին` քաղաքապետին կամ գյուղապետին:

Բացի դրանից, հաշվի առնելով, որ առողջապահության բնագավառում պետական քաղաքականությունը իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` պացիենտը իրավասու է իր խախտված իրավունքների պաշտպանության հարցով դիմել նաև ՀՀ առողջապահության նախարարությանը:

Պացիենտի իրավունքների պաշտպանության դիմումները կարող են ներկայացվել նաև ՀՀ դատախազություն և ՀՀ ոստիկանություն:

Ի՞նչ հետևանքներ կառաջանան, եթե պացիենտն իր դիմումը ներկայացրել է ոչ իրավասու մարմին

Եթե պացիենտը, այնուամենայնիվ, ոչ իրավասու մարմնին է ներկայացրել իր դիմումը, այս դեպքում ևս օրենքով ամրագրված են մարդու իրավունքների պաշտպանության գործուն երաշխիքներ: Մասնավորապես, վարչական օրենքի 33-րդ հոդվածի հիման վրա, եթե դիմումը ներկայացվել է ոչ իրավասու վարչական մարմին, ապա դիմումն ստացած վարչական մարմինը եռօրյա ժամկետում դա վերահասցեագրում է իրավասու վարչական մարմին` ծանուցելով դիմողին: Եթե դիմումում ներկայացված հարցերից մեկը կամ մի քանիսը ենթակա են վարչական այլ մարմնի իրավասությանը, ապա վարչական մարմինը դիմումն այդ մասով վերահասցեագրում է իրավասու վարչական մարմին` ծանուցելով դիմողին: Օրինակ` եթե առողջապահության նախարարությունը ստացել է դիմում, որը վերաբերում է Տավուշի մարզպետարանի ենթակայության Իջևանի բժշկական կենտրոնի գործունեությանը, առողջապահության նախարարությունը այն վերահասցեագրում է Տավուշի մարզպետին` ծանուցելով դիմողին:

Վարչական օրենքի նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե դիմումով առաջադրված պահանջը չի մտնում ինչպես դա ստացած վարչական մարմնի, այնպես էլ որևէ այլ վարչական մարմնի իրավասության մեջ, ապա վարչական մարմինը դիմումը և դրան կից փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, վերադարձնում է դիմողին` նշելով պատճառների մասին: Օրինակ, եթե պացիենտի իրավունքների վերականգնումը կարող է իրականացվել միայն դատական կարգով և ենթակա չէ որևէ վարչական մարմնի լուծմանը, դիմումը վերադարձվում է դիմողին` եռօրյա ժամկետում:

Բացի վարչական մարմիններ դիմում ներկայացնելուց, առկա՞ են նրանց դիմելու այլ ուղիղ միջոցներ

Պացիենտի իրավունքների վերականգնման համար դիմելու հաջորդ ձևը վարչական մարմնում քաղաքացիների ընդունելության մասնակցելն է: Օրինակ` պացիենտը կարող է առողջապահության նախարարությունում կամ մարզպետարանում մասնակցել քաղաքացիների ընդունելությանը: Այս դեպքում, վարչական օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, վարչական մարմնում անձանց ընդունելության ժամանակ կազմված արձանագրությունը, սույն հոդվածի իմաստով, համարվում է դիմում, եթե դրանում առկա են օրենքի նույն հոդվածի սույն հոդվածի 1-ին մաuի «ա», «բ» և «դ» կետերով նախատեuված տեղեկությունները, և օրենքը չի պահանջում, որ դիմումը ներկայացվի սույն հոդվածի 1-ին մասի մյուս բոլոր դրույթների պահպանմամբ:

Ի՞նչ երաշխիքներ են ամրագրված օրենքով` վարչական մարմնի կողմից պացիենտի դիմումի մեջ նշված խնդրանքը կամ բողոքը արդարացի լուծելու համար

Քաղաքացու դիմումը ստանալու դեպքում վարչական մարմիններն ու պաշտոնատար անձինք, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն, պետք է ապահովեն մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Պացիենտի կողմից պատշաճ վարչական մարմին դիմելու դեպքում նշված մարմինը վարչական օրենքի 30-րդ հոդվածի հիմքով հարուցում է վարչական վարույթ և վարչական օրենքի 35-րդ հոդվածի հիման վրա վարչական վարույթի ծանուցումից հետո` եռօրյա ժամկետում, ծանուցում է դիմողին հարուցված վարույթի մասին: Վարչական մարմինը կարող է ծանուցում չուղարկել, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից պակաս է:

Ի՞նչ ժամկետում պետական մարմինը պետք է քննարկի պացիենտի դիմումը

Օրենքով ամրագրված է նաև դիմումը ստացող վարչական մարմնի դիմումը արագ քննելու պարտականությունը: Մասնավորապես, վարչական օրենքի 36-րդ հոդվածի համաձայն, վարչական վարույթը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում: Վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու` լրացուցիչ ստուգումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ: Եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:

Պացիենտն իր իրավունքների պաշտպանության համար վարչական մարմիններ դիմելու դեպքում պետք է տեղյալ լինի, որ վարչական օրենքի 46-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Պացիենտի կողմից վարչական մարմին դիմում ներկայացվելու դեպքում այդ հարցը կքննարկվի 30 օրվա ընթացքում: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ: Վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար` նախաձեռնության օրվանից: Սույն օրենքով նախատեսված ժամկետները հաշվարկվում են օրացուցային օրերով: Եթե ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օրը, ապա ժամկետն ավարտված է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ժամը 18-00-ին:

Օրենքով ամրագրված է, որ վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել:

Մասնավորապես օրենքով սահմանված է, որ վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե`

ա) գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր, որոնք, վարչական օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մաuին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել.
բ) փորձագիտական եզրակացություն տալու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը.
գ) փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը.
դ) վարչական ակտի ընդունմանը մասնակցում են մի քանի վարչական մարմիններ:

Վարույթն իրականացնող վարչական մարմինը վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ ընդունում է որոշում, որի մասին սահմանված կարգով պետք է ծանուցի վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև վարույթին մասնակցող այլ անձանց:
Օրենքն ամրագրել է նաև երաշխիքներ դիմումատուի համար այն դեպքում, երբ վարչական մարմինը սահմանված ժամկետում լուծում չի տալիս պացիենտի դիմումին: Մասնավորապես, օրենքում նշվում է, որ Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում`

ա) վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը.
բ) եթե դիմումը վերաբերում է օրենքով նախատեսված որևէ փաստաթղթի տրամադրմանը, որն առնչվում է որևէ փաստի (ծնունդ, մահ, անձի բացակայություն տվյալ վայրից և այլն) հաստատմանը կամ արձանագրմանը, ապա դիմումի հիման վրա համապատասխան ակտը չստացած կամ այդ ակտի համար դիմում ներկայացրած անձն ազատվում է այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք օրենքով սահմանվում են այդ փաստաթղթերը չունենալու համար:

Դիմումի լուծմանն առնչվող ի՞նչ պարտականություններ ունի վարչական մարմինը

Վարչական մարմինը պարտավոր է ապահովել դիմումում նշված փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: Վարչական մարմինն իրավունք չունի չընդունելու վարչական վարույթի մասնակիցների ներկայացրած` վարույթին առնչվող դիմումները և փաստաթղթերը, որոնց քննարկումը մտնում է իր իրավասության մեջ:

Անհրաժեշտության դեպքում պացիենտը կարող է վարչական մարմնին բանավոր բացատրել իր բողոքի փաստական հանգամանքները: Մասնավորապես, վարչական օրենքի 38-րդ հոդվածի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

Լսումներ կարող են չանցկացվել, եթե`

ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն.
բ) դիմումն ակնհայտ անհիմն է.
գ) ընդունվում է բանավոր վարչական ակտ:

Լսումներ չեն անցկացվում, եթե`

ա) անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման.
բ) ընդունվում է այլ ձևի վարչական ակտ:

Ի՞նչ երաշխիքներ են ամրագրված օրենքում` փաստաթղթային թերությունների կամ օրենքների կամ այլ իրավական ակտերի չիմացության դեպքում պացիենտի դիմումը չմերժվելու համար

Վարչական օրենքի 39-րդ և 40-րդ հոդվածներում ամրագրված են դիմումատուի և մասնավորապես պացիենտի կողմից իր իրավունքների պաշտպանության համար վարչական մարմիններ դիմելու և իր իրավունքների պաշտպանություն ստանալու երաշխիքները: Մասնավորապես, վարչական օրենքի 40-րդ հոդվածում ամրագրված է, որ վարչական մարմինը պարտավոր է ֆիզիկական անձանց պարզաբանումներ տալ դիմումով առաջադրվող հարցի կապակցությամբ տվյալ վարչական վարույթի հետ կապված նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ, օժանդակել դիմումի և դրան կից ներկայացվող փաստաթղթերի ձևակերպմանը, հնարավորության դեպքում նաև կազմել դրանք: Այսպիսով, եթե պացիենտը դժվարանում է ձևակերպել իր իրավունքների պաշտպանության կամ վերականգնման վերաբերյալ դիմումը, քաջատեղյակ չէ, թե ինչ փաստաթղթեր պետք է կցել իր դիմումին, վարչական մարմինը, որտեղ դիմում է պացիենտը, պարտավոր է օժանդակել դիմումի և դրան կից ներկայացվող փաստաթղթերի ձևակերպմանը, հնարավորության դեպքում նաև կազմել դրանք: Ավելին, եթե անձը հնարավորություն չունի ծանոթանալու այդ մարմնի գործունեության ոլորտի իրավական ակտերին, դրանցում ամրագրված իր իրավունքներին և դրանց իրականացման կառուցակարգերին, վարչական մարմինը պարտավոր է անձանց համար պայմաններ ստեղծել իր ընդունած նորմատիվ իրավական ակտերին, ինչպես նաև այդ մարմնի գործունեությանն առնչվող օրենքներին և իրավական այլ ակտերին ծանոթանալու համար: Այսինքն` պացիենտը, դիմելով իրավասու վարչական մարմին, կարող է տեղում ծանոթանալ առողջապահությանը վերաբերող իրավական ակտերին:

Օրենքը որպես լրացուցիչ երաշխիք ամրագրում է նաև, որ վարչական մարմինները իրավունք չունեն փաստաթղթային թերությունների համար մերժել քաղաքացու դիմումը: Մասնավորապես, վարչական օրենքի 41-րդ հոդվածում ամրագրվում է, որ վարույթի մասնակիցների ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում վարչական մարմինը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ ինքնուրույն ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները: Վարչական մարմինն իրավունք չունի չընդունելու սույն մասում նշված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ:

Օրենքը սահմանում է նաև, որ օրենքի նշված դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքը օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տված մարմիններին:

Եթե վարչական մարմին ներկայացված դիմումի առնչությամբ պացիենտը ցանկանում է ծանոթանալ իր դիմումի քննարկմանը առնչվող նյութերին և փաստաթղթերին, ապա նա իրավունք ունի վարչական օրենքի 39-րդ հոդվածի հիման վրա վարույթն իրականացնող մարմնում ծանոթանալու վարչական վարույթի նյութերին: Օրենքի հիման վրա` վարչական վարույթի նյութերին ծանոթանալու հնարավորությունը պետք է տրվի համապատասխան դիմումը ներկայացնելու օրվանից երեք օրվա ընթացքում: Այսինքն` նյութերին ծանոթանալու ցանկության դեպքում պացիենտը պետք է համապատասխան դիմում ներկայացնի վարչական մարմին: Օրենքի հիման վրա` վարույթի մասնակիցները վարչական վարույթի նյութերից կարող են կատարել պատճեններ, լուսապատճեններ, քաղվածքներ:

Վարչական օրենքի 42-րդ հոդվածում ամրագրված է պացիենտի իրավունքների ևս մեկ երաշխիք: Իր իրավունքների պաշտպանության հայցով վարչական մարմին դիմած քաղաքացուց վարչական մարմինն իրավունք չունի պահանջելու ներկայացնել այնպիսի փաստաթղթեր կամ դրանց նոտարական կամ այլ կարգով վավերացված պատճեններ, որոնց ներկայացնելը կամ համապատասխան վավերացմամբ ներկայացնելը նախատեսված չէ օրենքով:

Պացիենտի իրավունքների տեսանկյունից կարևոր նշանակություն ունի վարչական օրենքի 45-րդ հոդվածով ամրագրված փորձագետ ներգրավելու հնարավորությունը: Հոդվածը մասնավորապես սահմանում է, որ եթե փաստական հանգամանքների ուսումնասիրման համար անհրաժեշտություն է առաջանում նշանակել փորձագետ, ապա վարչական մարմինն այդ հարցով դիմում է համապատասխան կազմակերպության ղեկավարին կամ համապատասխան անձին` այդ մասին ծանուցելով վարույթի մասնակիցներին: Որպես փորձագետ` կարող է նշանակվել համապատասխան բնագավառի գիտելիքներին տիրապետող անձը: Փորձագետն իր ուսումնասիրությունների արդյունքում ներկայացնում է եզրակացություն: Վարույթի մասնակիցները կարող են ներկա գտնվել փորձագետի կողմից կատարվող գործողություններին, եթե ներկա գտնվելը չի խոչընդոտի փորձաքննությանը: Վարչական մարմնի կամ վարույթի մասնակիցների պահանջով փորձագետը պետք է լրացուցիչ պարզաբանումներ տա փորձագիտական եզրակացության վերաբերյալ: Վարչական մարմինը անհրաժեշտություն դեպքում կարող է նշանակել նաև ֆիզիկական անձի, տեղանքի, որևէ օբյեկտի կամ առարկայի զննում: Վարչական մարմնի որոշմամբ` զննմանը կարող են ներկա գտնվել վարույթի մասնակիցները: Օրենքը, սակայն, դիմողի համար չի սահմանում սեփական փորձագետին հրավիրելու հնարավորություն:

Պացիենտը, իր իրավունքների պաշտպանության հարցով դիմելով վարչական մարմին, կարող է ակնկալել, որ վարչական մարմինը կհարուցի վարչական վարույթ և ի վերջո կընդունի որոշակի վարչական ակտ: Վարչական օրենքի 54-րդ հոդվածը սահմանում է, որ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում կարող է ընդունվել միայն գրավոր վարչական ակտ: Այսինքն` իր իրավունքների պաշտպանության հարցով վարչական մարմին դիմած յուրաքանչյուր պացիենտ կարող է ակնկալել, որ կստանա իր դիմումի մեջ արծարծված հարցերի վերաբերյալ գրավոր որոշում: Օրենքով նախատեսված դեպքերում վարչական ակտը կարող է ընդունվել նաև բանավոր: Սակայն օրենքը սահմանել է, որ բանավոր վարչական ակտը, ակտի հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով, ենթակա է հետագա գրավոր ձևակերպման ինչպես օրենքով նախատեսված դեպքերում, այնպես էլ այն դեպքում, երբ ակտի հասցեատերն ունի արդարացված շահ: Այդ դեպքում պահպանվում են գրավոր վարչական ակտին սույն օրենքով ներկայացվող պահանջները: Օրինակ` բացառության կարգով պետական պատվերի շրջանակներում բուժման համար ՀՀ առողջապահության նախարարություն կամ համապատասխան մարզպետարան դիմած անձը կարող է ակնկալել, որ իրեն կտրվի համապատասխան հրաման, իր դիմումը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ:

Ի՞նչ ձևով պետք է տրվի պացիենտի դիմումի պատասխանը

Օրենքը որոշակի պահանջներ է սահմանել դիմումատուի (նաև պացիենտի) դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի հետևանքով ընդունված վարչական ակտի նկատմամբ: Հարկ է նշել, որ օրենքով սահմանված պահանջները չբավարարելու դեպքում ընդունված վարչական ակտը կարող է բողոքարկվել պացիենտի կողմից: Վարչական օրենքի 55-րդ հոդվածով սահմանված են գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջները: Մասնավորապես, գրավոր վարչական ակտին ներկայացվում են հետևյալ պահանջները.

ա) վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում.

բ) վարչական ակտը պետք է կազմված լինի սահմանված ձևի և նմուշի թղթի վրա:

Վարչական ակտը, որպես կանոն, պետք է տեղեկություններ պարունակի նաև այն ծախսերի և դրանք կրողների վերաբերյալ, որոնք կատարվել են ակտի ընդունման կապակցությամբ: Ծախսերը վերադարձնելու հետ կապված ակտ ընդունելու դեպքում պետք է նշվեն վերադարձման ենթակա գումարը և վերադարձման կարգն ու պայմանները:

Վարչական ակտը կարող է ունենալ ներդիրներ, հավելվածներ կամ լրացուցիչ այլ փաստաթղթեր, որոնց գործողությունը չի կարող գերազանցել վարչական ակտի գործողության ժամկետը: Ներդիրները, հավելվածները և լրացուցիչ այլ փաստաթղթերը ինքնուրույն վարչական ակտեր չեն, դրանք վարչական ակտի բաղկացուցիչ մասն են և գործում են այնքանով, որքանով գործում է բուն վարչական ակտը:

Վարչական ակտը պետք է պարունակի`

ա) վարույթն իրականացրած վարչական մարմնի լրիվ անվանումը.
բ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը.
գ) ակտի լրիվ անվանումը, դրա ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.
դ) ակտով լուծվող հարցի նկարագրությունը (նկարագրական մաս).
ե) ակտի ընդունման հիմնավորումը (պատճառաբանական մաս).
զ) ընդունված որոշման շարադրանքը (եզրափակիչ մաս).
է) ակտի գործողության ժամկետը, եթե ակտն ընդունվում է որոշակի ժամկետով.
ը) ակտի բողոքարկման ժամկետը և մարմինը, ներառյալ` դատարանը, որին կարող է այդ ակտը բողոքարկվել.
թ) ակտն ընդունող վարչական մարմնի պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը, նրա ստորագրությունը.
ժ) ակտն ընդունած վարչական մարմնի պաշտոնական կնիքը:

Միանման հարց կարգավորող վարչական ակտը կարող է ունենալ միասնական նմուշի ձև (ձևաթուղթ):

Վարչական ակտը պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի: Վարչական ակտի բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որ դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում:

Պացիենտի իրավունքների` վարչական մարմինների միջոցով պաշտպանության առումով չափազանց կարևոր նշանակություն ունի նաև այդ մարմինների կողմից ընդունված ակտի հիմնավորվածության հարցը. մասնավորապես, վարչական օրենքի 57-րդ հոդվածը սահմանում է, որ գրավոր, ինչպես նաև գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը: Վարչական մարմնի հայեցողական լիազորությունների իրականացման արդյունքում ընդունված վարչական ակտի հիմնավորումից պետք է պարզ լինեն այն նկատառումները, որոնց հիման վրա վարչական մարմինն ընտրել է տվյալ լուծումը:

Հիմնավորում չի պահանջվում, եթե`

ա) վարչական մարմինը բավարարում է որևէ դիմում, և վարչական ակտը չի շոշափում երրորդ անձանց իրավունքները.
բ) ակտի հասցեատիրոջը կամ այն անձին, որի շահերը վարչական ակտը շոշափում է, արդեն հայտնի է վարչական մարմնի դիրքորոշումը փաստական կամ իրավական հետևանքների վերաբերյալ, կամ այդ դիրքորոշումն ակնհայտորեն բխում է ակտի տեքստից.
գ) վարչական մարմինը նույնանման վարչական ակտեր է հրապարակում մեծ քանակությամբ կամ վարչական ակտերը հրատարակում է տեխնիկական միջոցների օգտագործմամբ, և յուրաքանչյուր առանձին դեպքում հիմնավորելու անհրաժեշտություն չկա:

Ինչպե՞ս պետք է պացիենտի դիմումի պատասխանը հանձնվի վերջինիս

Իր իրավունքների պաշտպանության համար վարչական մարմին դիմած պացիենտը կամ նրա ներկայացուցիչը կարող են ակնկալել, որ իրենց դիմումի հիման վրա կայացված բարենպաստ կամ ոչ բարենպաստ որոշման մասին վարչական մարմինը իրենց կծանուցի: Նշված հարաբերությունները կարգավորվում են վարչական օրենքի 59-րդ հոդվածում, որի համաձայն` վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով: Գրավոր վարչական ակտը ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև օրենքով սահմանված այլ եղանակներով: Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով: Հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ: Վարչական մարմինը գրավոր վարչական ակտը հասցեատիրոջը հանձնելիս պարտավոր է դրա հետ միասին հանձնել նաև այդ ակտի բաղկացուցիչ մաu համարվող փաստաթղթերը: Նշված փաստաթղթերը վարչական ակտի հետ միաժամանակ չհանձնելը կամ ուշ հանձնելը չի կարող ազդել վարչական ակտի գործողության վրա և այդ պատճառով ակտի իրավաչափությունը վիճարկելու հիմք դառնալ:

Վարչական ակտն ընդունած վարչական մարմինը գրավոր վարչական ակտի հաuցեատիրոջ խնդրանքով նրան կարող է տրամադրել նաև վարչական ակտի` օտար լեզվով թարգմանված պատճենը, որը պետք է հաuտատված լինի համապատասխան վարչական մարմնի պաշտոնական կնիքով: Իրավաբանական ուժ ունի միայն վարչական ակտի վարչական վարույթի իրականացման լեզվով ընդունված տեքստը: Օտար լեզվով թարգմանված պատճենը չի կարող հիմք լինել այդ ակտի իմաստը կամ բովանդակությունը մեկնաբանելու կամ պարզաբանելու համար, իսկ վեճ առաջանալու կամ բողոք ներկայացնելու դեպքում հիմք է ընդունվում վարչական ակտի` հայերենով ընդունված տեքստը: Վարչական ակտի հրապարակումը կատարվում է վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով: Գրավոր վարչական ակտը ենթակա է պարտադիր հրապարակման, եթե վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև սրենքով նախատեսված այլ դեպքերում: Գրավոր վարչական ակտը կարող է հրապարակվել նաև վարչական մարմնի նախաձեռնությամբ, եթե ակտի հրապարակումը վարչական մարմինը համարում է առավել նպատակահարմար` պետության և հանրության շահերի, ինչպես նաև անձանց իրավունքների արդյունավետ պահպանման անհրաժեշտությունից ելնելով:

Բանավոր վարչական ակտը հրապարակվում է բանավոր ձևով` դրա հասցեատիրոջը (հասցեատերերին) հայտարարելու միջոցով: Բանավոր վարչական ակտը կարող է հրապարակվել դրա հասցեատիրոջ համար հասկանալի որևէ օտար լեզվով:

Պացիենտների կողմից վարչական ակտ ներկայացնելու ընթացակարգը

Եթե պացիենտը, որն իր իրավունքների պաշտպանության հայցով դիմել է վարչական մարմին, գտնում է, որ իր դիմումի վերաբերյալ ընդունած վարչական ակտն անօրինական է, կարող է վարչական օրենքի 67-րդ հոդվածի ուժով այդ ակտը բողոքարկել վերադաս վարչական մարմին:

Վարչական օրենքի 70-րդ հոդվածով սահմանված է բողոքարկման կարգը: Մասնավորապես սահմանված է, որ վարչական ակտը դիմողի ընտրությամբ կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած`

ա) վարչական մարմին.
բ) վարչական մարմնի վերադաս վարչական մարմին:

Ակտը կարող է բողոքարկվել որոշակի ժամկետում: Վարչական բողոքը կարող է բերվել`

ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում.
բ) վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից մեկ ամսվա ընթացքում.
գ) վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու օրվանից 3 ամսվա ընթացքում.

Գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում` վարչական ակտի` ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում: Նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի: Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում: Բողոքարկման ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու հանգամանք կարող է դառնալ բողոքարկման ժամկետը վարույթի մասնակցից անկախ պատճառներով բաց թողնելը: Օրինակ, եթե պացիենտը հիվանդության պատճառով չի կարողացել բողոքարկել մարզպետի կողմից ընդունված ակտը, ժամկետի բացթողումը կարող է համարվել հարգելի:

Ինչպե՞ս պետք է կազմվի բողոքը

Իր իրավունքների պաշտպանության առնչությամբ վարչական մարմնի ընդունած ակտը պացիենտի կողմից պետք է բողոքարկվի որոշակի ձևով: Մասնավորապես, վարչական օրենքի 72-րդ հոդվածով սահմանված են բողոքին ներկայացվող պահանջները: Բողոքը պետք է պարունակի`

ա) այն վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.
բ) բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, նրա հասցեն, իսկ իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը.
գ) բողոքարկման առարկան.
դ) բողոք բերողի պահանջը.
ե) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
զ) բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
է) բողոք բերող անձի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում` նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը և իրավաբանական անձի կնիքը:

Վարչական մարմնի ընդունած որոշման դեմ պացիենտի բողոքի քննության ի՞նչ ընթացակարգեր կան

Բողոքի հիման վրա իրականացվող վարչական վարույթը հարուցվում է բողոքը վարչական մարմնում մուտքագրելու օրը: Վարչական մարմինը բողոքն ընդունելիս պարտավոր է ստուգել բողոքի համապատասխանությունը վարչական oրենքի 70-րդ հոդվածի պահանջներին և պարզել` արդյոք բողոքը բերվել է օրենքով սահմանված ժամկետում: Վերադաս վարչական մարմինը պարտավոր է վարույթ հարուցելուց հետո ստորադաս վարչական մարմնից անհապաղ պահանջել վարչական վարույթի վերաբերյալ գործը (նյութերը): Ստորադաս վարչական մարմինը պարտավոր է այդ պահանջն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, վարչական գործը (նյութերը) ներկայացնել վերադաս վարչական մարմին: Քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է`

ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` վարչական ակտը ճանաչելով անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ.

բ) մերժելու բողոքը` վարչական ակտը թողնելով անփոփոխ:

Քննարկելով վարչական մարմնի գործողությունների դեմ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որի գործողությունները բողոքարկվել են, իրավասու է`

ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչելով բողոքարկվող գործողությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչ իրավաչափ և դադարեցնելով տվյալ գործողությունը, եթե բողոքի վերաբերյալ դիմում ընդունելու պահին այն շարունակվել է.

բ) մերժելու բողոքը` գործողության իրավաչափ լինելու պատճառաբանությամբ:

Քննարկելով վարչական մարմնի անգործության դեմ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որի անգործությունը բողոքարկվել է, իրավասու է`

ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն և կատարելու հայցվող գործողությունը համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն.

բ) մերժելու բողոքը` անգործության իրավաչափ լինելու պատճառաբանությամբ:

Վերը նշված դեպքերում, եթե համապատասխան բողոքը, համաձայն սույն օրենքին, քննարկում է վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը, ապա բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարման ենթակա համարելու դեպքում վերադաս վարչական մարմինը կարող է ընդունել նշված մասերով նախատեսված որոշումներից որևէ մեկը կամ էլ ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանել գրավոր վարչական ակտը և հանձնարարել վարչական ակտն ընդունած ստորադաս վարչական մարմնին` ընդունել նոր վարչական ակտ կամ դադարեցնել ոչ իրավաչափ գործողությունը կամ էլ կատարել հայցվող գործողությունը:

Ո՞ր դեպքում պացիենտը կարող է իր խախտված իրավունքների պաշտպանության համար դիմել ՀՀ դատախազություն կամ ՀՀ ոստիկանություն

Պացիենտն իր խախտված իրավունքների պաշտպանության համար կարող է դիմել ՀՀ դատախազություն և ՀՀ ոստիկանություն, եթե իր իրավունքների խախտման ընթացքում տեղի է ունեցել քրեորեն պատժելի արարք: «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` Ոստիկանությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդունել, գրանցել և հաշվառել հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումները, դրանց տալ համապատասխան ընթացք: Համաձայն «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի` դատախազի հիմնական պարտականություններն են`սահմանված կարգով ու ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը:

Քանի որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված չեն դատախազություն ներկայացվող դիմումի համար հատուկ պահանջներ, ՀՀ դատախազություն և ՀՀ ոստիկանություն ներկայացվող դիմումը կարող է ներկայացվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:



Ձեր մեկնաբանությունը

[ + Մեկնաբանել + ]

Մեկնաբանություններ դեռ չեն ստացվել: [ + + + ]


Ձեր մեկնաբանությունը կերեւա խմբագրի կողմից հաստատվելուց հետո:

Գործիքներ


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխ 1. Ներածություն

 

Գլուխ 2. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների միջազգային ոլորտը

 

Գլուխ 3. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների տարածաշրջանային ոլորտը

 

Գլուխ 4. Միջազգային և տարածաշրջանային ընթացակարգեր

 

Գլուխ 5. Հայաստանին վերաբերող առանձնահատուկ նկատառումներ

 

Գլուխ 6. Պացիենտի իրավունքները Հայաստանում

 

Գլուխ 7. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները և պարտականությունները

 

Գլուխ 8. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները եւ պարտականությունները

 

Բառարան

 

pdf Ներբեռնել գիրքը (2.6 մԲ)

 
 

Նորություններ

«Պետք է բացառվեն այլ կառույցների հետ ընկերային կամ բարեկամական հարաբերությունները»

«ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության աշխատանքը պետք է բարձրացնի հանրության վստահությունը համակարգի հանդեպ»,-տեսչության ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում այս շեշտադրումն է կատարել ՀՀ առողջապահության նախարար…

կարդալ

Այցելություն Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր այցելեցին ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, հանդիպեցին բուժանձնակազմին:

Կենտրոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների…

կարդալ

Նուռնուսում արձագանքում են բնակիչների դժգոհությանը

Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի մի խումբ բնակիչներից` ամառանոցային տարածքի Հարոյան փողոցին կից «Առողջ սունկ» ՍՊԸ-ի սնկի աճեցման համար կոմպոստի արտադրամասի աշխատանքի արդյունքում առաջացող տհաճ հոտի և հակասանիտարական վիճակի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունում…

կարդալ



Իրադարձություններ

“Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս” թեմայով դասընթացի հրավեր

“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը կկայանա սույն թվականի հունիսի 9-ին, ժամը՝ 13:00-ին, ԵՊՀ իրավագիտության…

կարդալ

Քննարկում “Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը” թեմայով

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնը կազմակերպում է սեմինար-քննարկում <ՙ<Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը>> թեմայով:

Վեջինս տեղի կունենա սույն թվականի մարտի 6-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի…

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


ՀՀ ԿՈ N 1717-Ն առ 23.11.2006 սահմանում է անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք…

Բառարան


Գրքույկը տեղեկություն է պարունակում այն անձանց հիմնական իրավունքների մասին, ովքեր այս կամ այն պատճառով պետք է շփվեն իրավապահ մարմինների հետ:…

Անցուդարձ


“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137