Առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ առողջապահության ոլորտում Ձեր իրավունքների մասին:
Մենք տրամադրում ենք օգտակար տեղեկություններ բժիշկների, պաշտոնյաների, իրավաբանների, հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են առողջապահական իրավունքով եւ բիոէթիկայով:
Դուք այս էջում եք՝ HealthRights.am > Գործնական ուղեցույց - - Գլուխ 2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ - Պացիենտի իրավունքներ
Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ և առանց որևէ խտրականության օրենքով ենթակա են հավասար պաշտպանության: Այդ առնչությամբ որևէ կարգի խտրականություն պետք է արգելվի օրենքով և օրենքը բոլոր անձանց համար պետք է երաշխավորի հավասար և արդյունավետ պաշտպանություն խտրականությունից, ըստ որևէ հատկանիշի, այն է` ըստ ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային վիճակի, ծննդի կամ այլ հանգամանքի:
Սույն դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են ապահովել, որ սույն դաշնագրում հռչակված իրավունքները կիարականացվեն առանց որևէ խտրականության, այն է` ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ծննդի կամ այլ հանգամանքի կապակցությամբ:
Սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում շարադրված պարտավորություններին համապատասխան, մասնակից պետությունները պարտավորվում են արգելել ու վերացնել ռասայական խտրականությունն իր բոլոր ձևերով և ապահովել յուրաքանչյուրի իրավահավասարությունն օրենքի առջև` առանց ռասայի, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման տարբերակման, հատկապես, հետևյալ իրավունքների իրականացման կապակցությամբ. տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կապակցությամբ, մասնավորապես` հանրային առողջության, բժշկական օգնության, սոցիալական ապահովության և սոցիալական ծառայությունների իրավունք:
1. Մասնակից պետությունները ձեռնարկում են համապատասխան բոլոր միջոցները` առողջապահության ոլորտում կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելու ուղղությամբ, որպեսզի տղամարդկանց և կանանց հավասարության հիման վրա ապահովեն բժշկական ծառայությունների մատչելիությունը, այդ թվում` կապված ընտանեկան պլանավորման հետ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից անկախ մասնակից պետությունները կանանց համար ապահովում են համապատասխան ծառայություններ` կապված հղիության, ծննդաբերության և հետծննդյան հետ` անհրաժեշտության դեպքում տրամադրելով անվճար ծառայություններ, ինչպես նաև համապատասխան սնունդ հղիության և կրծքով կերակրման ժամանակ:
Մասնակից պետությունները ձեռնարկում են համապատասխան բոլոր միջոցները` գյուղական վայրերում կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելու համար, որպեսզի կանանց և տղամարդկանց հավասարության հիման վրա ապահովվի նրանց մասնակցությունը գյուղական շրջանների զարգացմանն ու այդպիսի զարգացումից օգուտ ստանալուն, և, մասնավորապես, այդպիսի կանանց համար իրավունք են ապահովում` օգտվել համապատասխան բժշկական սպասարկումից, ներառյալ` ընտանեկան պլանավորման վերաբերյալ տեղեկություններ, խորհրդատվություն և ծառայություններ ստանալը:
1. Մասնակից պետություններն ընդունում են, որ մտավոր կամ ֆիզիկական ոչ լիարժեք երեխան պետք է վարի լիարժեք և արժանավայել կյանք այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են նրա արժանապատվությունը, նպաստում են ինքնավստահությանը և դյուրացնում են նրա ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին:
2. Մասնակից պետություններն ընդունում են ոչ լիարժեք երեխայի` հատուկ հոգածության ենթակա լինելու իրավունքը, խրախուսում և, միջոցների առկայության դեպքում, դրա իրավունքն ունեցող երեխային և նրա մասին հոգ տանելու համար պատասխանատու անձանց ցույց են տալիս օգնություն, եթե այդ առթիվ խնդրանք է ներկայացվել և եթե դա համապատասխանում է երեխայի վիճակին, ծնողների կամ նրա նկատմամբ խնամք տանող այլ անձանց դրությանը:
3. Որպես ոչ լիարժեք երեխայի հատուկ կարիքների ճանաչում, սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված օգնությունը նրան տրվում է ըստ հնարավորի անվճար, հաշվի առնելով ծնողների կամ երեխայի նկատմամբ խնամք տանող անձանց ֆինանսական միջոցները, և նպատակ ունի ոչ լիարժեք երեխայի համար ապահովել կրթություն, մասնագիտական պատրաստություն, բժշկական սպասարկում ստանալու, առողջությունը վերականգնելու, աշխատանքային գործունեության նախապատրաստվելու, հանգստի միջոցներից օգտվելու համար արդյունավետ հնարավորություն, որը կհանգեցնի երեխային առավել լիակատար սոցիալական կյանքում ընդգրկելուն և նրա անհատականության զարգացմանը, ներառյալ մշակութային և հոգևոր զարգացումը:
4. Մասնակից պետությունները միջազգային համագործակցության ոգով նպաստում են ոչ լիարժեք երեխաների բժշկական, հոգեբանական և ֆունկցիոնալ բուժման ու կանխարգելիչ առողջապահության բնագավառներում համապատասխան տեղեկատվության փոխանակմանը, ներառյալ վերականգնման, հանրակրթական և մասնագիտական պատրաստության մեթոդների մասին տեղեկատվության տարածումը և դրանց մատչելիության ապահովումը, որպեսզի մասնակից պետություններին թույլ տրվի բարելավել իրենց հնարավորություններն ու գիտելիքները և ընդլայնել իրենց փորձն այդ բնագավառում: Այդ կապակցությամբ հատուկ ուշադրություն պետք է դարձվի զարգացող երկրների պահանջներին:
Միգրանտ աշխատողները և նրանց ընտանիքի անդամները իրավունք ունեն համապատասխան երկրի քաղաքացիներին հավասար ստանալ ցանկացած բուժօգնություն, որը շտապ պահանջվում է նրանց կյանքը փրկելու կամ նրանց առողջությանը անուղղելի վնաս հասցնելուց խուսափելու համար: Նման անհետաձգելի բուժօգնությունը չպետք է մերժվի բնակվելու կամ աշխատելու հետ կապված որևէ անօրինականության պատճառով:
1. Միգրանտ աշխատողները գործատու պետության քաղաքացիների հետ միասին ունեն բուժման հավասարություն` կապված ե) սոցիալական և բժշկական ծառայությունների մատչելիության հետ` համապատասխան ծրագրերում մասնակցելու պահանջները բավարարելու դեպքում. 2. Մասնակից պետությունները պետք է խթանեն բուժման փաստացի հավասարություն ապահովելու պայմանները, որպեսզի թույլ տան միգրանտ աշխատողներին վայելել սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավունքները, եթե նրանց բնակության պայմանները գործատու պետության արտոնմամբ բավարարում են համապատասխան պայմանները:
1. Միգրանտ աշխատողների ընտանիքների անդամները գործատու պետության քաղաքացիների հետ միասին ունեն բուժման հավասարություն` կապված սոցիալական և բժշկական ծառայությունների մատչելիության հետ` համապատասխան ծրագրերում մասնակցելու պահանջները բավարարելու դեպքում:
Սույն կոնվենցիայի նպատակն է խթանել, պաշտպանել և ապահովել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց և խթանել հարգանք նրանց բնորոշ արժանապատվության նկատմամբ:
1. Մասնակից պետությունները վերահաստատում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք ամենուր օրենքի առաջ ճանաչվելու իրավունք ունեն:
2. Մասնակից պետություններն ընդունում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք կյանքի բոլոր ոլորտներում օժտված են մյուսների հետ հավասար իրավունակությամբ:
3. Մասնակից պետությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից իրենց իրավունակությունից օգտվելու համար անհրաժեշտ աջակցություն ապահովելու համար:
4. Մասնակից պետություններն ապահովում են, որպեսզի գործունակությունից իրավունակությունից օգտվելուն առնչվող բոլոր միջոցառումներն ապահովեն համապատասխան և արդյունավետ երաշխիքներ` մարդու իրավունքների միջազգային օրենքով նախատեսված կարգով համապատասխան չարաշահումները կանխելու համար:
Մասնակից պետություններն ընդունում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն վայելել առողջության առավելագույնս հասանելի մակարդակի իրավունքը` առանց հաշմանդամության հիմքով խտրականության ենթարկվելու: Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները` հաշմանդամների համար ապահովելու բժշկական այնպիսի ծառայությունների մատչելիությունը, որոնք հաշվի են առնում սեռերի տարբերությունները, այդ թվում` առողջական վերականգնումը:
Պայմանավորվող պետությունները հանրային օժանդակության և օգնության կապակցությամբ իրենց տարածքում օրինական կարգով բնակվող փախստականներին հատկացնում են նույն վերաբերմունքն, ինչ իրենց քաղաքացիներին:
Պետությունների պարտավորությունն է հիմնել այնպիսի բժշկական ծառայություններ, որոնք առկա են, հասանելի են և ձեռնտու յուրաքանչյուր անձի համար:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի առանց խտրականության օգտվելու համապատասխան բուժօգնությունից:
Առողջապահական ծառայությունները պետք է մատչելի լինեն պացիենտներին` պայմանավորված նրանց վիճակով: Սա ներառում է ապահով, որակյալ և պատշաճ ծառայությունների, բուժման, կանխարգելիչ վերաբերմունքի և առողջության խթանման հետ կապված գործողությունների մատչելիությունը: Պետք է հոգ տանել, որպեսզի բոլոր պացիենտների համար` անկախ նրանց պայմաններից և սոցիալ-տնտեսական վիճակից, ապահովվի անհրաժեշտ ծառայությունների մատչելիությունը: Որպեսզի պացիենտները հասնեն կյանքի հնարավորինս լավագույն որակի, առողջապահությունը պետք է նպաստի պացիենտների զգալի պահանջների բավարարմանը և հաշվի առնի ոչ առողջական այնպիսի գործոններ, ինչպիսիք են կրթությունը, զբաղվածությունը և ընտանեկան խնդիրները, որոնք ազդում են բուժօգնության ընտրության և կառավարման նրանց մոտեցման վրա:
Բժիշկները պարտավոր են տրամադրել պատշաճ բժշկական օգնություն` անկախ պացիենտի քաղաքացիական կամ քաղաքական կարգավիճակից, և կառավարությունները չպետք է խոչընդոտեն համապատասխան բուժում ստանալու պացիենտների իրավունքին, ինչպես նաև չպետք է միջամտեն բժիշկների պարտականության կատարմանը:
Բժիշկներին չի կարելի պարտադրել մասնակցելու ցանկացած այնպիսի պատժիչ կամ դատական գործողությանը, որը կապված է փախստականների կամ հարկադիր տեղահանվածների հետ կամ իրականացնելու բժշկական հիմնավորում չունեցող որևէ ախտորոշիչ այնպիսի միջոցառում կամ բուժում, ինչպիսիք են հանգստացնող միջոցները` նպաստելու համար երկրից վտարմանը կամ տեղահանմանը:
Բժիշկներին պետք է տրամադրել համապատասխան ժամանակ և բավարար միջոցներ` գնահատելու համար ապաստան փնտրող փախստականների ֆիզիկական և հոգեբանական վիճակը:
ՄԱԿ-ի պայմանագրային մարմինները հաճախակի են քննադատել պետություններին կարիքավոր և խոցելի խմբերի համար բժշկական ծառայությունների հավասար մատչելիություն չապահովելու համար (հաճախ բավարար միջոցների բացակայության պատճառով): Այդ խմբերը ներառում են ծայրահեղ աղքատության մեջ բնակվող տեղացիներին [77], առանձին ազգության պատկանող փախստականներին [78], երեխաներին, ֆիզիկական և հոգեկան հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցներին [79], գյուղական վայրերում բնակվողներին, որտեղ բժշկական ծառայությունների և անձնակազմի աշխարհագրական բաժանումը ցույց է տալիս մեծ տարբերություն ի նպաստ քաղաքների [80]: Մի երկրում ՏՍՄԻԿ-ը ցավով նկատել է, որ բնակչության 90 տոկոսի համար բժշկական ծառայությունները մատչելի չեն [81]: Մեկ այլ դեպքում, պետությանը քննադատել է ցածր եկամուտ ունեցող պացիենտներին ցուցաբերված անհամապատասխան բուժօգնության համար և հորդորել աջակցել քրոնիկ և հոգեկան հիվանդների համար անհրաժեշտ թանկարժեք դեղամիջոցների տրամադրման հարցում [82]:
Պայմանագրային մարմինները շեշտել են, որ կարևոր է ապահովել, որպեսզի որոշակի հիվանդությամբ տառապողները, օրինակ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրները, խտրականության արդյունքում` խարանի չենթարկվեն [83]:
Բժշկական ծառայությունների մատչելիության անհավասարությունից տառապող երկու խմբերը շարունակում են մնալ կանայք և երիտասարդները, ինչը հաճախ հանգեցնում է մահացության բարձր ցուցանիշների [84]: Երկու խմբերն էլ, մասնավորապես` գյուղական վայրերում բնակվող կանայք [85], ինչպես նաև երեխաների առանձնակի խոցելի խմբերն, ինչպիսիք են աղջիկները, տեղացի երեխաները և աղքատության մեջ գտնվող երեխաները, հաճախ ենթարկվում են խտրականության բազմաթիվ դեպքերի, որոնք պահանջում են կոնկրետ հասցեագրված միջոցառումներ և բավականաչափ բյուջետային հատկացումներ [86]:
...
...
[ + Մեկնաբանել + ]
Մեկնաբանություններ դեռ չեն ստացվել: [ + + + ]
Ձեր մեկնաբանությունը կերեւա խմբագրի կողմից հաստատվելուց հետո:
Գլուխ 1. Ներածություն
Գլուխ 2. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների միջազգային ոլորտը
Գլուխ 3. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների տարածաշրջանային ոլորտը
Գլուխ 4. Միջազգային և տարածաշրջանային ընթացակարգեր
Գլուխ 5. Հայաստանին վերաբերող առանձնահատուկ նկատառումներ
Գլուխ 6. Պացիենտի իրավունքները Հայաստանում
Գլուխ 7. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները և պարտականությունները
Գլուխ 8. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները եւ պարտականությունները
Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն